Ռուսաստանը Սիրիայում խաղաղ կյանքի հաստատման հույս ունի. Պուտինը՝ Ասադի հետ հանդիպմանը
Այսօր առավոտյան Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է սիրիացի գործընկերոջ՝ Բաշար ալ Ասադի հետ։ Նա նշել է, որ Ռուսաստանը Թուրքիայի ու Իրանի հետ միասին Սիրիայում խաղաղ կյանքի և քաղաքական գործընթացի հաստատման հույս ունի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ես հուսով եմ, որ Իրանի ու Թուրքիայի հետ միասին, որոնք աջակցում են ահաբեկչությունն արմատախիլ անելուն, մեզ կհաջողվի խաղաղ կյանք ու քաղաքական գործընթաց հաստատել Սիրիայում։ Կարևոր է նախապատրաստել Ազգային երկխոսության կոնգրեսը, խաղաղ կարգավորման գործընթաց սկսել»,- ասել է Պուտինն Ասադի հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Պուտինը Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրաման է տվել:
Զինծառայողների առաջ ելույթի ժամանակ Պուտինը, մասնավորապես, ասել էր. «ՌԴ պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի ղեկավարին կարգադրում եմ անցնել ռուսական զորքի դուրսբերմանը մշտական տեղակայման վայրեր»:
Նա ընդգծել է, որ ռուս զինծառայողները հայրենիք են վերադառնում հաղթանակած:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. մարտին ՌԴ ղեկավարը որոշում էր կայացրել երկրի օդատիեզերական ուժերի մեծ մասը Սիրիայի տարածքից դուրս բերելու մասին, ինչը պայմանավորված էր զինծառայողների առաջ դրված նպատակների զգալի մասի իրականացմամբ:
Մինույն ժամանակ, Ռուսաստանը չի հրաժարվել Սիրիայի կառավարությանը սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման, ռազմական մասնագետների ուսուցման հարցերում ստանձնած պարտավորություններից:










