«Հայկազ Բարսեղյանի մահճակալում պառկած մարդ եմ տեսել, մինչև հիմա չգիտեմ՝ սարքա՞ծ էր, թե ոչ». կուրսանտի սպանության գործով վկա կապիտան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց գործով վկա, կապիտան Արտակ Ասատրյանը։
Նա հայտնեց, որ նախ սկզբից մտածել է, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանը ինքնավնասում է արել, իսկ ինքը սահմանված կարգով պահպանել է դեպքի վայրը՝ ննջարանը, իսկ այնուհետև նաև այն տարածքը, որտեղ հայտնաբերվել է Բարսեղյանի դին։
Մեղադրողի հարցին, թե վերջին անգամ երբ է տեսել Հայկազ Բարսեղյանին, վկան ասաց, որ նրան տեսել է դեպքից ժամեր առաջ՝ ժամը 1-ի սահմաններում, իսկ դրանից հետո մտել է ննջասենյակ և տեսել, որ բոլորը տեղում են։
Թե ինչպիսի բնավորություն է ունեցել Հայկազ Բարսեղյանը, կապիտանն ասաց. «Քիչ շփվող էր, շատ լավ էր սովորում, բնավորությամբ համեստ էր, կարելի է ասել՝ ընկերներ չուներ։ Եթե ծառայողական խնդիրները նշեմ, ապա դա բոլորի հետ էլ լինում է»։
Վկան նշեց, որ ունեցել է իր գրպանի գրքույկը, իր պարզած բոլոր հարցերը գրել է, չպարզածները՝ նույնպես և այդ մասին զեկուցել է ղեկավարությանը։
Կապիտանն ասաց, որ բացի ժամը 1-ի սահմաններում Հայկազ Բարսեղյանին տեսնելուց մտել է ննջասենյակ և նրա մահճակալին պառկած մարդու է տեսել. «Ես գնացի մինչև ննջասենյակի պատուհանի մոտ, կանգնեցի ոտքերի տակ ու տեսա, որ Հայկազ Բարսեղյանի մահճակալին պառկած մարդ կա։ Ես նրա անկողնում պառկած մարդու եմ տեսել, ու մինչև հիմա չգիտեմ՝ սարքա՞ծ էր, թե ոչ։ Դա ժամը 1-ից որոշ ժամանակ անց էր։ Դեմքը չեմ տեսել, բայց որ մահճակալը դատարկ չի եղել, դա հաստատ»։
Ինչ վերաբերում է դեպքին նախորդող ժամերին, Ասատրյանն ասաց, որ անուններով չի հիշում ովքեր, սակայն անձնակազմից ասել են, որ Հայկազ Բարսեղյանը խոսել է ինչ-որ գործի ու ինչ-որ տեղ գնալու մասին։
«Ասացին Հայկազն ասել է, թե եթե ինչ-որ բան ստացվի, ապա դուրս է գալու։ Ասացին՝ ասել է, թե ում է թողնելու տոնական համազգեստը և այլն։ Նախկինում ևս Հայկազը դուրս գալու մասին խոսել է, սակայն ես անձամբ խոսել եմ այդ մասին»,-ասաց վկան։
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:










