ԻՊ-ի ավելի քան 6.000 աֆրիկացի գրոհային կարող է վերադառնալ հայրենիք. Աֆրիկյան միությունն անհանգստացած է
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 6.000 աֆրիկացի գրոհային կարող է վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնել է Աֆրիկյան միության խաղաղության ու անվտանգության հարցերով հանձնակատար Սմաիլ Շերգին:
Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, այդ մասին Շերգին ասել է Ալժիրի Օրան քաղաքում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում ԻՊ-ի շարքերում կռվող 30.000 օտարերկրացի գրոհայիններից 6.000-ն աֆրիկացիներ են, որոնց վերադարձը մեծ վտանգ է ներկայացնում աֆրիկյան պետությունների համար: Շերգին կոչ է արել մայրցամաքի երկրներին սերտ համագործակցություն ծավալել դրանից բխող խնդիրները հաղթահարելու համար:
Ավելի վաղ փորձագետներն ու այդ թվում Աֆրիկյան միության կազմում գտնվող փորձագիտական խմբերի անդամները զգուշացրել են ԻՊ-ի անդամների մի մասի՝ Աֆրիկայի Սահարա անապատի ու Սահել տափաստանի հատվածում գտնվող շրջաններ վերադարձի մասին, որտեղ պետական ինստիտուտների ու սահմանային անցակետերում թույլ հսկողության հետևանքով կարող են ձևավորվել քրեական ու ահաբեկչական գործունեություն ծավալող նոր օղակներ:










