Մակրոնը Երուսաղեմի հարցում համամիտ չէ Թրամփի հետ, մինչդեռ Նեթանյահուն կոչ է արել Եվրոպային հետևել ԱՄՆ նախագահի օրինակին

16:21 • 11.12.17

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ համակարծիք չէ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք հայտարարած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին 39-ամյա Մակրոնն ասել է Ելիսեյան պալատում մամուլի ասուլիսի ժամանակ:

Ֆրանսիայի ղեկավարը, դիմելով Նեթանյահուին, կոչ է արել քաջություն ցուցաբերել, բարի կամք դրսևորել պաղեստինցիներին առնչվող հարցերում ու վերսկսել խաղաղ բանակցային գործընթացը:

«Կոչ եմ արել վարչապետին պաղեստինցիներին առնչվող հարցերում քաջություն ցուցաբերել, որպեսզի կարողանանք դուրս գալ ստեղծված փակուղուց»,-ասել է Մակրոնը:

Մինչդեռ Reuters-ը հավելում է, որ ԵՄ երկիր ժամանած Նեթանյահուն հրապարակավ հավանություն է տվել Թրամփի որոշմանը՝ ընդգծելով, որ նույնպիսի քայլ է ակնկալում նաև Եվրոպայից:

Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման նախօրեին Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփի որոշումը թեև քննադատվել է միջազգային հանրության կողմից, սակայն կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը: Նա կոչ է արել պաղեստինցիներին ճանաչել, որ Իսրայելը հրեական պետություն է, իսկ Երուսաղեմը՝ դրա մայրաքաղաքը:

Հայտնի է, որ նախքան այդ ԵՄ անվտանգության քաղաքականության ու արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ  Եվրամիությունը Երուսաղեմի հարցում կողմ է  միջազգային փոխզիջմանը:

Հիշեցնենք, որ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած կարճատև ճեպազրույցի ժամանակ:

«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:

Բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն ասել է, որ Թրամփի «ցավալի ու անընդունելի» որոշումն ուղղակիորեն վտանգի տակ է դնում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը:

«Այս որոշումը տարածաշրջանում «դժոխքի դռները» կբացի ԱՄՆ-ի համար»,-ասել է Պաղեստինում գործող «Համաս» շարժման ղեկավար Իսմայիլ Ռադվանը: