ԱՄՆ-ն «կզբաղվի» Հս. Կորեայով, եթե Պեկինը չազդի Փհենյանի վրա. Նիկի Հեյլի
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն «գործն իր ձեռքը կառնի», եթե Չինաստանը Հյուսիսային Կորեայի հարցում չանի ավելին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Չինաստանը կարող է ավելին անել, և մենք, որքան հնարավոր է, ճնշում ենք գործադրում նրա վրա այդ հարցում...Եթե Չինաստանը չանի ավելին, մենք մեր ձեռքը կառնենք գործը»,- ասել է Հեյլին։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև նախապատերազմական իրավիճակ է ստեղծվել՝ Փհենյանի կողմից արձակված բալիստիկ հրթիռների, ինչպես նաև միջուկային փորձարկումների պատճառով: ԱՄՆ-ն սպառնացել է ռազմական լուծում տալ խնդրին, եթե Հյուսիսային Կորեան շարունակի միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացումը: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը նշում է, որ այդ ծրագրերն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են:
«Հվասոն-15» հրթիռի վերջին փորձարկումը, որը, ենթադրվում է, կարող է թիրախը խոցել մինչև 13.000 կմ հեռավորության վրա, Հս. Կորեան իրականացրել է նոյեմբերի 29-ին։










