ԱՄՆ-ի հետախուզությունը դեռ 10 տարի առաջ էր իմացել Հս. Կորեայում կենսաբանական զենքի ստեղծման մասին. WP

14:37 • 11.12.17

Ամերիկյան հետախուզությունն ավելի քան 10 տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսին զեկույց է ներկայացրել Հյուսիսային Կորեայում կենսաբանական զենքի գաղտնի ստեղծման վերաբերյալ:

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, զեկույցը ներկայացվել էր 2006թ. Փհենյանի կողմից առաջին միջուկային փորձարկման իրականացումից 5 ամիս առաջ:

Ամերիկյան կողմի կազմած զեկույցում նշվում էր, որ Հյուսիսային Կորեան հավաքել է մի խումբ գիտնականների, սակայն նրանք, ենթադրաբար, բավականաչափ տեխնիկական հմտությունների չէին տիրապետում:

Հիմնվելով ամերիկյան և ասիական հետախուզությունների տվյալների վրա՝ աղբյուրը նշում է, որ այժմ Հյուսիսային Կորեան վճռականորեն շարժվում է կենսաբանական զենք ստեղծելու ճանապարհով: Բացի այդ, այն իր գիտնականներին արտասահման է ուղարկում՝ միկրոկենսաբանության ոլորտում գիտական աստիճան ստանալու համար:

Վերջին տարիներին Հյուսիսային Կորեան զբաղված է միջմայրցամաքային հրթիռների ու դրանց համար միջուկային մարտագլխիկների ստեղծմամբ: Թեև միջազգային հանրությունը ճնշում է գործադրում, իսկ ՄԱԿ-ն էլ դատապարտող բանաձևեր ընդունում, այնուհանդերձ՝ Փհենյանը շարունակում է վիճահարույց ծրագրի զարգացումը:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Հյուսիսային Կորեան իրականացրել է 6-րդ ու ամենահզոր՝ ջրածնային ռումբի միջուկային փորձարկումը: