Սաակաշվիլիի կինը պատմել է քննչական մեկուսարանում պահվող ամուսնու ինքնազգացողության մասին

11:39 • 11.12.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է մեկուսարանում հացադուլը, սակայն իրեն «առույգ և լավ է զգում»։ Այդ մասին Կիևից վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, հայտնում է russian.rt.com-ը։


«Փաստաբանների տվյալների համաձայն՝ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, սակայն իրեն առույգ և լավ է զգում»,- ասել է նա։


Ռուլոֆսը հույս է հայտնել, որ իրեն թույլ կտան տեսնվել ամուսնու հետ։


Դեկտեմբերի 10-ին Կիևում անցկացվել է Սաակաշվիլիի աջակիցների հանրահավաքը, որից հետո նրանք ուղղվել են քննչական մեկուսարանի կողմը, որտեղ պահվում է քաղաքական գործիչը։


Անցած ուրբաթ ուշ երեկոյան Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Սաակաշվիլին ձերբակալվել է և տարվել քննչական մեկուսարան։ Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:


Սաակաշվիլին խնդրել է իր աջակիցներին չհավատալ իր դեմ ներկայացված մեղադրանքներին։ Ինչպես հայտնել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին, նա նաև խնդրել է իր կնոջը դառնալ իր խոսնակը, իր հանրային ներկայացուցիչը։


Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն օրեր առաջ խուզարկում են իրականացրել և ձերբակալել Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Այնուհետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի գնա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մոտ հարցաքննության, քանի որ նրան ոչ լեգիտիմ է համարում: Նա քննիչներին հրավիրել էր Կիևում Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանային պալատ և հայտարարել, որ պատրաստ է նրանց ընդունել այնտեղ։