Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ների գործունեությունը դուրս է եկել վերահսկողությունից և սկսել ազդել ԱՄՆ-ի հեղինակության վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ստահոդ լուրեր» տարածող լրատվամիջոցների գործունեությունը երկրում դուրս է եկել վերահսկողությունից և սկսել ազդել ԱՄՆ-ի հեղինակության վրա ամբողջ աշխարհում, այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Նրանք դուրս են եկել վերահսկողությունից, ճշգրիտ տեղեկատվության մատուցումը նրանց համար ոչինչ չի նշանակում, նրանք հրապարակում են ստահոդ տեղեկություններ, իսկ հետո անհրաժեշտություն է առաջանում դրանք հերքել»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը մեկ անգամ չէ, որ մեղադրել է ամերիկյան լրատվամիջոցներին չճշտված տեղեկատվության հրապարակման համար: Միայն այս ամիս նա երեք անգամ մեղադրել է ԶԼՄ-ներին սուտ լուրերի տարածման համար:
Դեկտեմբերի 3-ին ABC հեռուստաընկերությունը ստիպված է եղել աշխատանքից ազատել լրագրողին, որն իր ռեպորտաժում խոսել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփի ու ռուսաստանցի որոշ ներկայացուցիչների միջև եղած կապերի մասին:
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 9-ին, CNN-ը հրապարակել է հոդված, որում խոսվում է Թրամփի նախընտրական շտաբի ու սկանդալային WikiLeaks կայքի միջև եղած կապերի մասին: Հեռուստաալիքն, ի վերջո, ստիպված է եղել որոշ ուղղումներ մտցնել նյութի մեջ:
Նախօրեին The Washington Post հայտնի պարբերականի լրագրողներից Դեյվ Ուայգլը համացանցում տարածել էր լուսանկարներ, որոնցում երևում էին Թրամփի՝ Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած ելույթի ժամանակ դատարկ տրիբունաները, որոնք, ինչպես պարզվել է ավելի ուշ, արվել էին նախագահի ելույթից առաջ, երբ նա դեռ չէր ժամանել նահանգ:










