Գերատեսչությունների միջև առկա կոնֆլիկտը կարող է հանգեցնել պատերազմի, որին զոհ կդառնա ամբողջ Ուկրաինան. ուկրաինացի պաշտոնյա

10:10 • 11.12.17

Ուկրաինայի գլխավոր դատախազության և հակակոռուպցիոն գերատեսչությունների միջև առկա կոնֆլիկտը կարող է հանգեցնել պատերազմի, որին զոհ կդառնա ամբողջ երկիրը, ТСН-ի եթերում ասել է Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ղեկավար Նազար Խոլոդնիցկին:

«Կոռուպցիայի դեմ իրական պայքար տանելու փոխարեն, մենք իրար հետ ենք պայքարում»,-ասել է Խոլոդնիցկին՝ մեկնաբանելով իր ղեկավարած կառույցի, Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ու Գլխավոր դատախազության միջև առկա հակասությունները:

Միևնույն ժամանակ, Խոլոդնիցկին նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնին ստեղծված իրավիճակը չի գոհացնում:

«Առաջին «մեսիջը», որ ստացանք Պետքարտուղարությունից, հետևյալն էր.«Մենք ձեզ 1000%-ով աջակցում ենք: Բոլոր կոնֆլիկտները պետք է իրավական ճանապարհով լուծվեն»»,-ասել է պաշտոնյան:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Պետական միգրացիոն ծառայությունը հայտնել էր իր իսկ աշխատակցին կաշառք տալու փորձի ժամանակ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակցի ձերբակալման մասին:

Մինչդեռ հակակոռուպցիոն բյուրոյից տեղեկացրել են, որ Գլխավոր դատախազությունն ու Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տապալել են միգրացիոն ծառայությունում կոռուպցիոն սխեմայի բացահայտմանն ուղղված հատուկ օպերացիան:

Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակցի գործողություններն ապօրինի են ու սադրանք: Նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է, որ հանրային «միջգերատեսչական կոնֆլիկտները վաղուց արդեն դուրս են եկել խելամիտ մրցակցության շրջանակից»: