Դե թող բոլոր աղքատներին շարեն մի պատի մոտ, գյուլլեն. քաղաքացիները` թանկացումների և պատգամավորների հայտարարությունների մասին (տեսանյութ)
Tert.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում` պարզելու համար, թե որքան է թանկացումը անդրադարձել բնակիչների վրա: Բնակիչներն անդրադարձել են նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի հայտարարություններին, ըստ որոնց աղքատներին թանկացումը չի վնասում:
«Թանկացումները միջին ապրող մարդկանց վրա պետք է ազդեն, հարուստներին ինչ պետք է լինի, մենք պետք է տուժենք: Դե որ տենց ա, այս երկրում աղքատները պետք է մեռնեն, թող բոլոր քյասիբներին շարեն մի պատի մոտ բոլորին գյուլլեն, սպանեն, պրծնեն: Թանկացում արեցին` ավելի շատ արտագաղթ կլինի, միջին ընտանիքները կգնան կդառնան Ռուսաստանում գերիներ»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր.«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»:
Իսկ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա, եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույն է, գումար չունի՝ միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:
Բնակիչները նշեցին, թե ինչպես կարող է չազդել թանկացումը, եթե առջևում Նոր տարի է, որոշներն էլ ասացին, որ գումար չունեն, որ Նոր տարի անեն: «Առայժմս ոչ մի բան չենք առել, քանի որ թոշակառու մարդիկ ենք, եթե հնարավորություն լիներ, մի բան կանեինք»:
«Նրանց հնարավորությունը այնպես պետք է լինի, որ հազիվ կարտոֆիլ ու չգիտեմ ինչ առնեն, այն ժամանակ կհասկանան այդ թանկացումը ազդո՞ւմ է, թե չի ազդում»,-ասաց բնակիչներից մեկը:
«Ես համ աշխատում եմ, համ թոշակ եմ ստանում, ոչ բողոքում եմ թանկացումից, ոչ էժանացումից, ես կարողանում եմ ապրել»:
«Խոսրով հարությունյանը և մնացածները ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն, նրանք թալանչիներ են, Խոսրով Հարությունյանը եղել է և մնում է թալանչի: Թանկացումները կապված է վերևի հետ, ոչ թե Աստծո, այլ վերևի, օլիգարխներն են նրա ղեկավարությամբ թանկացնում: Ամբողջ աշխարհում էժանացում է գնում, մեր մոտ թանկացում, քանի որ սա նստած է»:
«Թանկացումները շարքային քաղաքացու վրա վատ են անդրադառնում, բոլորս էլ զգում ենք դա: Խնդրում եմ պատկան մարմիններին, որ ձեռնարկեն համապատասխան միջոցառումներ, որ թանկացումներ չլինեն, գոնե տեղի արտադրանքը էժանանա»:
«Իրենց վրա ավելի շատ կանդրադառնա, քանի որ նրանք մարդ չեն: Թող Հակոբ Հակոբյանը Նոր տարի անի»:










