Բանգլադեշ պետությունում ձերբակալել են Նյու Յորքի պայթյունի հնարավոր կազմակերպչի կնոջը. bdnews24

17:39 • 12.12.17

Բանգլադեշ պետության ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են դեկտեմբերի 11-ին Նյու Յորքի կենտրոնում որոտացած պայթյունի հնարավոր կազմակերպչի կնոջը: Այս մասին հայտնում է bdnews24 –ը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմինների աշխատակիցներին:

Բանգլադեշի ոստիկանության ներկայացուցիչ Սայֆուլա Իսլամի խոսքով՝ Աքայեդ Ուլլահի կնոջից բացի ուժայինները ձերբակալել են նաև նրա ընտանիքի երկու անդամներին:

«Բոլոր երեքը ձերբակալվել են հարցաքննման համար», - ասել է Իսլամը:

Նա նաև նշել է, որ կասկածյալի կնոջ որոնումները սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները Բանգլադեշին են փոխանցել նրա անձի մասին տեղեկությունները:

Նշվում է, որ այժմ Աքայեդ Ուլլահը գտնվում է հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ երեկ Մանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման վայրում, տեղի է ունեցել պայթյուն:

Կասկածյալը քննիչներին ասել է, որ հարձակում է իրականացրել վրեժից դրդված: