Գերմանիան քննադատել է Էրդողանի՝ Իսրայելի մասին հնչեցրած հայտարարությունները
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերտը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի մասին հնչեցրած հայտարարությունները, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը:
Գերմանացի պաշտոնյան նշել է, որ Էրդողանի կողմից Իսրայելն «ահաբեկչական պետություն» անվանելը սխալ է ու անընդունելի իրենց համար: Այս միտքը Զայբերտը կիսել է նաև սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանի այն հայտարարությանը, թե Իսրայելն «ահաբեկչական պետություն է», նշել էր, որ չի պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, որն իր երկրում ռմբակոծում է քրդաբնակ գյուղերը, բանտ նետում լրագրողներին, օգնում Իրանին խուսափել պատժամիջոցներից ու աջակցում ահաբեկիչներին Գազայի հատվածում:
Էրդողանն ավելի ուշ նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մեղավոր է ու պատասխանատվություն է կրում Երուսաղեմում տիրող իրավիճակի համար, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու որոշումը Թուրքիայի համար ոչինչ չի նշանակում:










