Հրապարակվել է Մոսկվայում Ամանորին ահաբեկչություններ ծրագրած ԻՊ-ականների ձերբակալման տեսանյութը

17:04 • 12.12.17

Համացանցում հրապարակվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից ամանորյա տոների ու 2018թ. մարտին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ ահաբեկչություններ ծրագրած խմբի անդամների ձերբակալման տեսանյութը, հայտնում է ria.ru-ն:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության և Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ ձերբակալված անձինք՝ 3 հոգի, ղեկավարվել են արտասահմանից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Նրանք ծնունդով Կենտրոնական Ասիայից են ու մտադիր էին մահապարտների մասնակցությամբ ահաբեկչությունների շարք իրագործել:

Իրավապահները ձերբակալվածներից առգրավել են ինքնաշեն ռումբեր, ինքնաձիգներ, նռնակներ ու զինամթերք: Բացի այդ, ուժայինները Մոսկվայի Օդինցովյան շրջանում հայտնաբերել են բնակարան, որտեղ հանցագործներն ինքնաշեն պայթուցիկ նյութեր են պատրաստել:

Հայտնի է, որ ահաբեկչության հոդվածներով քրեական գործ է հարուցվել:

Բորտնիկովի խոսքով՝ Սիրիան ահաբեկչներից ազատագրելուց հետո իրական վտանգ է ներկայացնում հանցախմբերի նախկին անդամների վերադարձը Ռուսաստան:


Պաշտոնյան ընդգծել է, որ միջազգային ահաբեկչական խմբավորումների ղեկավարները փորձում են օջախներ ստեղծել Ռուսաստանի տարբեր մասերում: