ՌԴ հատուկ ծառայություններն ամանորյա տոներին ու նախագահական ընտրություններին ծրագրված ահաբեկչություններ են կանխել

13:45 • 12.12.17

Ռուսական հատուկ ծառայությունները կանխել են ամանորյա տոների ու 2018թ. մարտին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ ահաբեկչություններ ծրագրած խմբի գործունեությունը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության և Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:

Նրա խոսքով՝ ԱԴԾ-ն հատուկ գործողությունն իրականացրել է դեկտեմբերի 11-ին: Նա մանրամասնել է, որ ծնունդով Կենտրոնական Ասիայից անձինք ահաբեկչություններ էին նախապատրաստում՝ այդ թվում մահապարտների մասնակցությամբ:

Իրավապահները նրանցից առգրավել են ինքնաշեն պայթուցիկներ, զենք-զինամթերք, ինչպես նաև ոչնչացվել է «ահաբեկչության իրականացման համար նյութերի պատրաստման» նպատակով օգտագործվող լաբորատորիան:

«Միայն դեկտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում վնասազերծվել է գաղտնի գործող 2 խումբ, որը ղեկավարվում էր արտասահմանից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից»,-մանրամասնել է Բորտնիկովը: