Նյու Յորքի պայթյունի գործով կասկածյալը հայտնել է ահաբեկչական ակտի պատճառների մասին. NYT (լուսանկարներ)

11:28 • 12.12.17

Նախօրեին Նյու Յորքի Մանհեթեն շրջանի կենտրոնում պայթյունի իրականացման համար կասկածվող 27-ամյա Աքայեդ Ուլլահը գործով զբաղվող քննիչներին հայտնել է, որ իր արարքով փորձել է վրեժ լուծել ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հասցրած հարվածների համար:

Ինչպես գրում է The New York Times-ը, ահաբեկչին «ոգեշնչել» են Եվրոպայում ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական ակտերը: Քննիչները ենթադրում են, որ նա միայնակ է գործել, սակայն ուսումնասիրվում են նաև այլ վարկածներ:

Իրավապահներից մեկը, որը չի ցանկացել նշել իր անունը՝ անվտանգության նկատառումներով, չի բացառել, որ գրոհայինը մահապարտ է եղել և պատրաստ է եղել մահանալ ահաբեկչական ակտի ժամանակ:

Ավելի վաղ CNN-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնել էր, որ Նյու Յորքի գրոհայինը պայթյունն իրականացրել է Իսրայելի՝ Գազայի հատվածում իրականացրած գործողությունների պատճառով:

Հիշեցնենք, որ ինքնաշեն ռումբի միջոցով իրականացված պայթյունի հետևանքով զոհեր չեն գրանցվել: