Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Սաակաշվիլիին ազատ արձակելու վճիռը
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 11-ին կայացված վճիռը, համաձայն որի՝ դատարանը հրաժարվել է կալանավորել Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Փաստացի դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Սաակաշվիլին ազատ է արձակվել Վերին Ռադայի պատգամավորների երաշխավորությամբ. նիստի ընթացքում 10 ուկրաինացի պատգամավոր պատրաստակամություն է հայտնել երաշխավոր լինել Սաակաշվիլիի համար:
«Մենք բոլոր ապացույցները փոխանցել ենք դատարան, այնուհանդերձ՝ դատավորը նրան ազատ է արձակել: Ես կզսպեմ հույզերս և կասեմ, որ պատրաստվում ենք բողոքարկել վճիռը»,- ICTV հեռուստաալիքի եթերում ասել է Լուցենկոն:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 5-ին: Լուցենկոն հայտարարել էր, որ Սաակաշվիլին ձերբակալվել է և տարվել քննչական մեկուսարան։ Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:
Սաակաշվիլին խնդրել էր աջակիցներին չհավատալ իր դեմ ներկայացված մեղադրանքներին։
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն օրեր առաջ խուզարկում են իրականացրել և ձերբակալել Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել էին Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Այնուհետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի գնա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մոտ հարցաքննության, քանի որ նրան ոչ լեգիտիմ է համարում: Նա քննիչներին հրավիրել էր Կիևում Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանային պալատ և հայտարարել, որ պատրաստ է նրանց ընդունել այնտեղ։










