«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների միջև չկան քննարկումներ վարչապետի միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Նմանատիպ որևէ խոսակցություն, բանակցություն չկա: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2008 թ.-ին վարչապետի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ։
«Նմանատիպ որևէ բանակցություն և գործընթաց չկա: Առիթ եղել է ասելու, որ ընդհանրապես վարչապետի թեկնածության հետ կապված քննարկում այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա, երբ որ կլինեն քննարկումներ, երբ որ կլինի այդ հարցի հետ կապված նոր ասելիք, ապա մենք անպայմանորեն լրատվամիջոցներին և հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Ըստ նրա՝ իրենց կուսակցության օրակարգում չկան նաև քննարկումներ իշխող «Հայաստանի Հանրապետական կուսակցության» հետ կոալիցիա կազմելու հնարավորության վերաբերյալ:
Իվետա Տոնոյանը, խոսելով իրենց խմբակցության պատգամավորի կողմից վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը քննադատելու մասին, շեշտեց, թե ԲՀԿ-ի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատությունները երբեք ինքնանպատակ չեն եղել, ավելին՝ բխել են հասարակությանը հուզող խնդիրներից: Պատգամավորի խոսքով՝ իրենք ունեն իրենց քաղաքական օրակարգը և առաջնորդվում են բացառապես միայն իրենց օրակարգով:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն սատարի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ որպես վարչապետ, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Հնարավոր է, միգուցե ձևակերպումներով հարցերին չեմ պատասխանում, բացի այդ, նշեցի, որ վարչապետի հարցը մեր օրակարգում չկա»:










