Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ քվեարկությամբ

11:42 • 13.12.17

ԱԺ արտահերթ նիստում, երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: 

Օրենքը քվեարկության դրվեց և ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ համամասնությամբ: 

Նախագծին խմբակցություններն ազատ քվեարկեցին, կողմ էին «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները: 

Նշենք, որ ըստ օրենքի հեղինակների՝ այն 3 նպատակ է հետապնդում, որոնք հստակ սահմանված են վերնագրերում, այն է՝ ընտանիքում բռնության կանխարգելումը, բռնության պատճառով անձանց իրավունքների պաշտպանությունը և ընտանիքում համերաշխության վերականգնումը:  

Քվեարկության դրվեց  «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ: Նախագիծն ընդունվեց  61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ:

Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, թե այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք:

«Սա անընդունելի է, երեկ այստեղ «ինչպես են մնացած փողերը ծախսվել»  հարցին կառավարության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանեց: 2018 թվականից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք: Կոչ եմ անում դեմ քվեարկել մի նախագծի, որը երկիրը տանելու է փակուղի»,-ասաց նա և հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկում է դեմ:

Նախագծին կողմ քվեարկեցին միայն «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

«Հարկային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ևս ընդունվեց  70 կողմ,  28 դեմ ձայներով: Նախագծին «Ելք» խմբակցությունը կողմ քվեարկեց, թեև խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ օրենքը  կիսատ-պռատ է և կողմ են քվեարկում որպես միջանկյալ լուծում:

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ քվեարկությամբ