Եթե լավ աշխատենք, 2-3 տարիների ընթացքում հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին. Նախագահը՝ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման մասին
«Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խոսել է ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ակնկալվող վիզաների ազատականացման գործընթացի մասին։ Անդրադառնալով Արտակ Ալեքսանյանի հարցին`կա՞ արդյոք որոշակի ժամկետ`վիզների ազատականացումն իրականության մեջ տեսնելու մասով, Նախագահը նշել է.
«Ուզում եմ, որ բոլորին հասկանալի լինի՝ նոր համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրերի ազատականացումը կամ, ինչպես Դուք եք ասում, վիզաների պահանջի վերացումն այլ գործընթաց է: Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայնագիր դա չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը: Այո՛, գագաթաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ, երևի թե, անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա միգուցե առաջին կեսին կամ մինչև այդ, թեև անշնորհակալ գործ է ամբողջ երկրով մեկ որևէ ժամկետի վերաբերյալ հայտարարություն անելը, բայց կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այդտեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարիների ընթացքում հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին»:










