Եթե մինչև ժամը 16-ը ինձ ստեղից չհանեն, իմ արարքների համար պատասխանատու չեմ. հոգեբուժարանում հայտնված Ռայմոնդ Օհանջանյան

12:38 • 14.12.17

Ավանի հոգեբուժարանում գտնվող 28-ամյա ՀՀ քաղաքացի Ռայմոնդ Օհանջանյանը , ով  պնդում է, որ իրեն այնտեղ անհիմն են պահում, երկուշաբթի օրվանից սնունդ չի ընդունում, թեև անունը հացադուլ չի դրել:

«Վատ եմ, շատ վատ: Ես մի ժամ ավել չեմ կարող այստեղ մնալ, առողջ մարդը ի վիճակի չէ այստեղ մնալ: Կարա՞ն փոխհատուցեն իմ չաշխատած օրերի համար, իմ էս ապրումների համար»,-ասաց Ռայմոնդ Օհանջանյանը ու ավելացրեց. «ես երկուշաբթի օրվանից չեմ ուտում ու չեմ էլ ուտելու: Ես չեմ կարա ստեղ մնամ, մինչև ժամը 4-ը ինձ պետք  ա հանեն ստեղից,եթե չհանեն, իմ արարքների համար պատասխանատու չեմ»:

Հիշեցնենք, որ երեկ Էջմիածնում վարձով բնակվող երիտասարդը Tert.am–ի խմբագրություն ուղարկած նամակում պնդել էր, որ անհիմն են իրեն այնտեղ պահում, հայտնել էր նաև, թե չի քնում՝ վախենալով, որ դեղեր կներարկեն քնած ժամանակ:

Ռայմոնդն ասաց, որ այլևս բռնի ուժով չեն ստիպում դեղեր խմել, միայն ասում են՝ կխմես, խելոք ես, ինքն էլ ասում է. «Ոչինչ, այստեղից դուրս կգամ, կիմանաք՝ խելո՞ք եմ, թե ինչ, բոլորի դեմ բողոքելու եմ»:

Նա ասաց, որ իրեն այցելել են ՄԻՊ գրասենյակից, ինքն ասել է, որ չի ուզում Ավանի հոգեբուժարանում մեկ ժամ ավել մնալ, Պաշտպանի գրասենյակից էլ իրեն հայտնել են, որ բուժող բժիշկը դատարան նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով, որ Ռայմոնդը հրաժարվում է բուժում ստանալուց, ու դատարանի որոաշմանը պետք է սպասել 72 ժամ:

Սակայն, ըստ էջմիածինցի երիտասարդի, իրեն այս մասին ասել են երկուշաբթի, այսինք 72 ժամը վաղուց լրացած է:

Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում Ավանի հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանը հայտնել էր, որ Ռամյոնդը ճիշտ չի ասում, բայց հղում անելով բժշկական գաղտնիքին՝ նշել էր, որ  հիվանդի վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տալ:

Արեգա Հակոբյանը նաև հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում  նման բուժհաստություններոըմ կարող է ֆիզիակական զսպում կատարվեն, հարկադրաբար դեղեր տրվեն հիվանդին, ինչպես նաև այլ միջոցներ: