Հուսով եմ՝ Թրամփի մոտ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու ցանկությունը դեռ չի կորել. Պուտին
Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը: Պատասխանելով NBC News-ի թղթակցի հարցին, թե ինչպես է նա գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը նախագահի պաշտոնում ընտրվելուց շուրջ մեկ տարի անց՝ ՌԴ նախագահն ասել է.
«Ես չէ, որ պետք է գնահատեմ Թրամփի աշխատանքը, դա պետք է անի ամերիկացի ժողովուրդը: Մենք օբյեկտիվորեն տեսնում ենք որոշակի լուրջ ձեռքբերումներ հատկապես տնտեսական ոլորտում: Ես կարծում եմ՝ կան բաներ, որ նա ցանկանում էր անել, բայց դեռ չի հաջողել՝ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման առումով: Ես հույս ունեմ, որ այդ ցանկությունը նա դեռ ունի»։
Պուտինը նշել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն համատեղ աշխատանքի դեպքում կարող են շատ ավելի արդյունավետ պայքար տանել միջազգային ոլորտի մի շարք խնդիրների դեմ՝ այդ թվում ահաբեկչության:
ՌԴ նախագահն անընդունելի ու անհասկանալի է անվանել Թրամփի նախընտրական շտաբի՝ ռուսաստանցի գործիչների հետ ունեցած կապերի ու այդ ամենի՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վրա ունեցած ազդեցության մասին լուրերը:
«Դա հորինվածք է մարդկանց կողմից, որոնք կազմում են Թրամփի ընդդիմությունը: Ինձ համար դա նույնիսկ զարմանալի է, կարծես նրանք չեն հասկանում, որ վնաս են հասցնում երկրի ներքին քաղաքականությանը, դա նշանակում է, որ նրանք չեն հարգում Թրամփին ընտրող քաղաքացիներին: Մեր դեսպանին մեղադրում էին, որ նա ինչ-որ մեկի հետ հանդիպել է, բայց դա միջազգային պրակտիկա է, ինչ է, պետք է արգելե՞լ բոլոր տեսակի կապերը, ի՞նչ կա դրա մեջ և ինչո՞ւ է դրան տրվում լրտեսական բնույթ», - ասել է Պուտինը:










