«Դուք ընդհանրապես նորմա՞լ մարդիկ եք». Պուտինը՝ ամերիկացի լրագրողին

15:08 • 14.12.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում  շարունակվող ամենամյա ավանդական մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանը կաջակցի Հյուսիսային Կորեայի դեմ սահմանվելիք պատժամիջոցներին, Պուտինն ասել է.

«Հետաքրքիր մարդիկ եք դուք: Ձեր կոնգրեսականները, սենատորները, որոնք այդքան գեղեցիկ հագուկապ ունեն ու կարծես խելացի մարդիկ են, մեզ համեմատում են Հյուսիսային Կորեայի ու Իրանի հետ ու միևնույն ժամանակ պահանջում Մոսկվայից լուծել Թեհրանի ու Փհենյանի հետ կապված խնդիրները, դուք ընդհանրապես նորմա՞լ մարդիկ եք»։


ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հստակ է ու անփոփոխ. ՌԴ-ն չի ճանաչում Հյուսիսային Կորեան որպես միջուկային տերություն:

Պուտինը նաև շեշտել է, որ Հս. Կորեայի նման պահվածքի պատճառ է դարձել ԱՄՆ-ի պահվածքը, որն իր սադրանքներով ստիպել է հյուսիսկորեացիներին ինքնապաշտպանության այլ ելք չտեսնել ստեղծված իրավիճակում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը, ՌԴ ղեկավարին ուղղվել են տնտեսական բնույթի մի շարք հարցեր: 

Հայտնի է, որ նախագահը մի քանի ժամվա ընթացքում պատասխանելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի ներքին գործերին, արտաքին քաղաքականությանն ու միջազգային թեմաներին առնչվող հարցերին: