Պուտինը խոսել է «Հմեյմիմ» ավիաբազա այցի և Սիրիայում իրավիճակի վերջնական կարգավորմանը խոչընդոտող խնդիրների մասին

15:59 • 14.12.17

Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը։ ՌԴ ղեկավարը խոսել է նաև սիրիական հիմնախնդրի ու Սիրիայում իրավիճակի վերջնական կայունացմանը խոչընդոտող մի շարք հանգամանքների մասին:

«Սիրիայում շատ կարևոր է, որպեսզի այս գործընթացների բոլոր մասնակիցները չենթարկվեն ծայրահեղական խմբավորումներին իրենց նպատակներով օգտագործելու գայթակղությանը: ժամանակին ստեղծվեց «Ալ Քաիդա»-ն՝ Աֆղանստանում ԽՍՀՄ-ի դեմ պայքարելու համար: Եվ «Ալ Քաիդա»-ն իրականացրեց (2001 թվականի-Tert.am) սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը Նյու Յորքում», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն անդրադարձել է նաև պատերազմից տուժած սիրիացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդրին՝ ինչպես Սիրիայի տարածքում, այնպես էլ դրանից դուրս:

Ըստ Պուտինի՝ ներգաղթյալների խնդրից ամենաշատը տառապում է Թուրքիան, ներգաղթյալների ամենաշատ ճամբարներն այնտեղ են, թեև դրանք կան նաև Հորդանանում, Լիբանանում և այլ երկրներում:

ՌԴ նախագահը կարծում է, որ ներգաղթյալների ու սիրիացի որբ երեխաների կրթության ու ապահովման հարցը կարևոր է ոչ միայն հումանիտար տեսանկյունից, այլ գլխավորապես այն պատճառով, որ կրթական ցածր մակարդակն ահաբեկչության աճի գլխավոր պատճառներից մեկն է:

Պուտինը նաև պատմել է, որ Սիրիա իր այցը վաղուց էր պլանավորվում, և իրենք սպասում էին հարմար պահի, որը կապված էր նաև տեղում ահաբեկչական խմբավորումների «մնացորդների» վերացման որոշակի փուլի ավարտի հետ: ՌԴ նախագահը մանրամասնել է, որ իր անվտանգությունը ճանապարհորդության ժամանակ ապահովել են ռուս զինծառայողները: