Հայաստանը մահմեդականներին ոչ բարեկամական երկիր դիտարկելը զավեշտալի է. իրանագետը՝ Ալիևի հայտարարության մասին (տեսանյութ)

19:53 • 14.12.17

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Հայաստանը չի կարող մահմեդականների բարեկամը լինել, անհեթեթություն է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե մահմեդական աշխարհում Ադրբեջանի դաշնակիցներին դիտարկենք, ապա կնկատենք, որ այդ համագործակցությունը խարսխվում է միայն Թուրքիայի և մասնակիորեն նաև Պակիստանի հետ հարաբերությունների վրա:

«Այլ դաշնակիցներ մահմեդականների երկրների մեջ Ադրբեջանը չունի: Ունի հարաբերություններ տարբեր մահմեդական երկրների հետ, և այդ հարաբերությունները երբեմն հարթ չեն, խոսքը վերաբերում է, դիցուք, Իրանի հետ հարաբերություններին, խոսքը վերաբերում է Հյուսիսային Կովկասի բնակչությանը, մասնավորապես՝ Դաղստանին և այլն: Եվ մահմեդական համերաշխության մասին խոսելիս կամ նման հավակնություններ ունեցող Ադրբեջանի բռնապետը պետք է ի նկատի առնի, որ սեփական երկրում կան հսկայական խնդիրներ՝ կապված հենց մահմեդականների հետ, խոսքը վերաբերում է թե՛ ավանդական շիայականության հետևորդներին, թե՛ ծայրահեղական մահմեդական խմբավորումներին»,- նշեց նա՝ հորդորելով Ադրբեջանի ղեկավարությանը ուրիշի աչքի փուշը տեսնելու փոխարեն տեսնել սեփական աչքի գերանը:

Վարդան Ոսկանյանը նաև նշեց, որ Ադրբեջանը միակ մահմեդական երկիրն է, որտեղ շիա մահմեդականները հալածանքներ են կրել, աննախադեպ ճնշումների են ենթարկվել:

Իրանագետը նկատեց, որ Ադրբեջանը միշտ էլ փորձում է տարբեր կառույցների հարթակներում զանազան հայտարարություններում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ներկայացնել, թե իբր Հայաստանը մահմեդականներին բարեկամ երկիր չէ:

«Հայաստանն այն երկիրն է, որը բարեկամական հարաբերություններ ունի համաշխարհային մահմեդական այնպիսի կենտրոնի հետ, ինչպիսին Իրանն է: Այդ մասին հավաստում են Իրանի ամենաբարձր հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչները: Հետևաբար` այս համատեքստում Հայաստանը մահմեդականներին ոչ բարեկամական երկիր դիտարկելը, խիստ զավեշտալի է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի մահմեդական աշխարհի երկրներից շատերի հետ՝ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում: