Ամերիկուհուն 110 տարվա ազատազրկում է սպառնում՝ ԻՊ-ի ահաբեկիչներին բիթքոին փոխանցելու համար
Նյու Յորքի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արտասահմանցի գրոհայիններին տասնյակ հազարավոր դոլարների արժողությամբ բիթքոին փոխանցելու համար:
Ինչպես հայտնում է New York Post-ը, այդ նպատակի համար ամերիկուհին գումարներ է յուրացրել բանկերից կեղծ տվյալների միջոցով: Աղբյուրի տվյալներով՝ 27-ամյա Զուբիա Շահնազը մտադիր էր փախչել ԱՄՆ-ից Սիրիա, սակայն դեկտեմբերի 13-ին Քենեդիի անվան օդանավակայանում ձերբակալվել է:
Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալ ամերիկուհին բանկային խարդախություններ է արել, ինչի արդյունքում բիթքոին և այլ թվային արժույթ է ձեռք բերել և փողերը լվացել է արերկրում՝ ահաբեկիչներին տասնյակ հազարավոր դոլարներ ուղարկելու համար:
Նշվում է, որ նրան առավելագույնը 30 տարվա ազատազրկում է սպառնում բանկային խարդախությունների և 20-ական տարվա ազատազրկում՝ փողերի լվացման յուրաքանչյուր դեպքի համար:










