Տավարի միսը, թեև նախորդ տարվա համեմատ 25 տոկոսով արդեն թանկացել է, թանկացումներն էլի կշարունակվեն. Հրաչ Բերբերյան

19:14 • 15.12.17

Տավարի միսը նախորդ տարվա համեմատ 25 տոկոս թանկացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում մսի շուկան լուրջ խնդիրներ ունի նաև Եվրազեսի հետ կապված, քանի որ լուրջ վտանգ կա, որի մասին պատկան մարմինները վախենում են խոսել: Ըստ Բերբերյանի՝ հիմանական խնդիրը կապված է սուբսիդավորման հետ:

«Կոպիտ օրինակ բերեմ՝ ռուս ֆերմերին ցածր գներով սերմ են տալիս, սուբսիդավորմանը պարարտանյութ են ստանում, դիզվառելիք, անսահմանափակ վարկ կարող է ստանալ, իրենց գյուղնախարարը մի շարք ծրագրեր է անում, մի խոսքով՝ Ռուսաստանում գյուղմթերք արտադրողն էլիտար վիճակում է: Իսկ մեզ մոտ կարգին սուբսիդավորում չկա, ավելի ճիշտ՝ հիմնականում չկա, բնական է, որ այստեղ արտադրանքի ինքնարժեքի բարձրացում էլ է լինում: Այսինքն, եթե մենք ցանկանում ենք 1 կգ հացահատիկ արտադրել, մեզ վրա կրկնակի թանկ է ինքնարժեքը, քան ռուս ֆերմերի մոտ»,- ասաց նա:

Հրաչ Բերբերյանը շեշտեց՝ Հայաստանի գյուղատնտեսի նկատմամբ առավելություն ունի նաև Վրաստանի գյուղատնտեսը՝ 280 սուբսիդիա է ստանում տարբեր ուղղություններով, Բուլղարիայի գյուղատնտեսը՝ 500 եվրոյով է ստանում ամեն հեկտարի հաշվարկով, Թուրքմենիայի ֆերմերն անվճար վառելիք է ստանում, իսկ գազի գինն անվճար է և այլն: Նրա գնահատմամբ` այս ամենին նայելով պարզ է դառնում, որ ՀՀ-ում գյուղատնտեսությամբ զբաղվողն անելանելի վիճակում է:

«Սա մտածված է արվում, որ մեր գյուղատնտեսությունը վերջնական քանդեն, որովհետև մեր հարևան, բարեկամ երկրների համար Հայաստանը լավ շուկա է համարվում: Այդպես աշխատել չի լինի. շատ կներեք, բայց եթե մենք Եվրազեսի խորթ երեխան ենք, ուրեմն այնպես աշխատել չի լինի: Եթե մյուս երկրներում ֆերմերին պետությունը հովանավորում է, իսկ հայերին՝ ոչ, հավատացեք՝ իրենց ապրանքը ներխուժելու է Հայաստան: Այս փորձը երկու տարի է կատարվում է՝ կաթնամթերքի, հավկիթի, վերջերս նաև Աստրախանի ձմերուկը հայտնվեց հայկական շուկաներում, Բելառուսն իր անորակ սերմերն է ցանկանում բրդել Հայաստան, իսկ մեր հողերը հիմնականում վարակվել են բելառուսական կարտոֆիլից»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը:

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահը կարծում է, որ մինչև Ամանոր մսի շուկայում գների բարձրացում կլինի, քանի որ կա 2-րդ խանգարիչ հանգամանքը՝ երաշտը:

«4 նախարարություն պատասխանատու է երաշտի համար, սակայն ոչ մեկ դրա մասին չխոսեց և դրա մասին հուլիսի վերջին հայտարարեցինք մենք: Բնականաբար, անասնակերը թանկ է, ինչն ազդելու է նաև մսի արժեքի վրա»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը:

ՀեղինակԱնի Օհանյան