Պոլսո պատրիարքի ընտրությունների ժամկետի հարցում անհայտություն է. Բագրատ Էստուկյան
Պոլսո պատրիարքի ընտրությունների որևէ հաստատված ժամկետ չկա, անհայտություն է: Մի բան ակնհայտ է, որ 2017-ի ընթացքում այլևս ընտրություն տեղի չի ունենա: Tert.am–ին այս մասին հայտնեց «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ էստուկյանը՝ հիշեցնելով, որ դեկտեմբերի 10-ին պետք է ընտրվեին պատվիրակներ, իսկ Պատրիարքի ընտրությունը պետք է կայանար դեկտեմբերի 13-ին:
«Այդ թվականներն արդեն անցան, հետևաբար, որևէ այլ թվական այս պահին գոյություն չունի»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Հարցին`ինչո՞ւ է թուրքական պետությունը միջամտում Պոլսո Պատրիարքի ընտրություններին, ձգձգում ու կասեցնում գործըթնացները, հայազգի խմբագրապետը պատասխանեց. «Ինչու, շատ պարզ. Աթեշյանի նման նշանակված փոխանորդից ազատվելուց հետո հիմա անհանգիստ է, որ ժողովրդի կամքով Աթեշյանին փոխարինող կգա, ուստի միջամտում է այս ընթացքին: Սա է եղելությունը»:
Հիշեցնենք, որ «Ակոս»-ը օրերս, անդրադառնալով Պոլսո Պատրիարքի ընտրությունների համար անհարժեշտ ընթացակարգերի՝ դեկտեմբերի 10 –ին և 13-ին նախատեսված ժամկետների անորոշ ժամանակով հետաձգմանը, գրել էր, որ եթե թուրքական պետությունը չմիջամտեր, ապա այս շաբաթ Պոլսո նոր Պատրիարքը «արդեն կարող էր ընդունել շնորհավորանքներ»:
Հիշեցնենք, որ պետությունը գործընթացը ձգձգում է` ընտրությունների անցկացման համար պատրիարքարանի կողմից Ստամբուլի նահանգապետարան ու երկրի ներքին գործերի նախարարություն ուղարկված նամակն այդպես էլ չպատասխանելով:
Ըստ որում՝ դատելով Էստուկյանի հայտարարությունից՝ սա Թուրքիան անում է խորամանկ ձևով, այսինքն՝ պաշտոնապես չի մերժում (հետո ցանկացած պահի կարող է ասել, որ որևէ մերժում չի եղել), սակայն չուղարկվելով անհրաժեշտ պատասխան գրությունը, փաստացի, խոչընդոտում է:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները, ում փոխարեն դրանք կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ ընտրված լինելով ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ինչին հետևեց այն, որ 2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
Ապա՝ 2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։
Նշենք, որ պատրիարքարանում որպես եպիսկոպոս գործող Արամ Աթեշյանն օրերս այցելելով Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, որը թուրք-քրդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել, նշել էր, որ մարդը նման բան չէր կարող անել:
«Այս հողերում մեր կողմից ստեղված կոթողներ կան: Հազարավոր տարիներ այստեղ ենք ապրել և մեր հետքն ենք թողել: Երբ անհայտ մարդիկ այդ կոթողները ավերում են, միևնույն ժամանակ երկրին են վնաս հասցնում, քանի որ դրանք երկրի հարստությունն են: Այս վայրը ոչ միայն մեզ, այլև երկրին ու պետությանն է պատկանում: Դրանց ոչնչացումը մեղք է նաև պետության առջև: Հայտնի չէ, թե ովքեր են այս ամենն արել, հնարավոր չէ նրանց բռնել: Եկեղեցու ամեն մի պատին մի դուռ են բացել և ամեն ցանկացող ազատ ելումուտ է անում ու աղտոտում սրբավայրը»,-գրել էր Արամ Աթեշյանը:
Բագրատ Էստուկյանի մեկնաբանությամբ՝ այս գրության իմաստը ոչ թե հայրենասիրական մղումներն էին, այլ այդ վանդալիզմի մեղավորներին քողարկելը:
«Ինքը ի հեճուկս նրա, որ շատ հայտնի է, թե ով է այս տաճարը սրբապղծել, ովքեր են այդ տաճարի մեջ նման արարքներ թույլ տվել, առանց անդրադառնալու մեղավորներին, ընդամենը եղածի համար ափսոսանք հայտնեց: Մինչդեռ բոլորը գիտենք, որ դա արել են ոստիկանները: Այդ տաճարի մուտքն արգելված է և այնտեղ մշտապես ոստիկաններ էին խարսխված» ,-մանրամասնեց Էստուկյանը:










