Թեմայի շուրջ այս ընթացքում քննարկումներ չկան. Տ. Ուրիխանյանը՝ նախագահի պաշտոնում Ա. Զեյնալյանի թեկնածության մասին

10:52 • 15.12.17

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնին առաջադրելու և այդ հարցով «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցություններ սկսելու շուրջ այս ընթացքում քննարկումներ չկան:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենում է իր դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ, բնականաբար, մենք էլ պետք է ունենանք մերը, և ես սիրով կհայտնեմ Ձեզ դրա մասին այն պահին, երբ որ մենք կունենանք»,- հայտնեց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածության համար առաջադրել խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին:

Նշված էր նաև, որ «Ելքը» բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար։

Հարցին՝ եթե «Ելքը» առաջարկի բանակցություններ սկսել, դուք կքննարկե՞ք իրենց հետ այս հարցը, «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակը պատասխանեց. «Որևէ պաշտոնական տեսակետ լինելու պարագայում սիրով ձեզ կտեղեկացնեմ»:

Նրա տեղեկացմամբ՝ դաշինքում որևէ կերպ անդրադարձ չի արվել նաև «Ծառուկյան» դաշինքի կողմից առանձին նախագահի թեկնածու ունենալու հարցին: