Հռոմի կենտրոնում արհեստական լողափեր կհայտնվեն

13:15 • 15.12.17

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Տիբեր գետի ափին, մինչև 2018 թվականի ամառ արհեստական լողափեր կհայտնվեն: Այս մասին հայտնում է The Local-ը՝ մեջբերելով Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիին:

Նշվում է, որ հանգստի գոտիների ընդհանուր մակերեսը կլինի 10 հազար քառակուսի մետր, և այնտեղ հասանելի կլինեն մարզահրապարակներ և հանգստի համար նախատեսված այլ հարմարություններ:

«Տիբերն անցնում է Հռոմով, սակայն, ցավոք, ինչպես և մի շարք այլ եվրոպական մեգապոլիսներում, քաղաքի լիարժեք մասը չէ», - ասել է Ռաջին նախագիծը ներկայացնելու ժամանակ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ լողափային գոտին պլանավորվում է ստեղծել Գուլիելմո Մարկոնիի կամրջի մոտ՝ Հռոմի կենտրոնական մասում՝ քաղաքի հիմնական տեսարժան վայրերից դեպի հարավ ընկած տարածքում:

Հայտնի է, որ Տիբեր գետի ափերը փակ են ավտոտրանսպորտի համար. քաղաքի կենտրոնում ափի երկայնքով հեծանվուղիներ են անցնում: Ամռանն այստեղ գործում են սեզոնային սրճարաններ և ռեստորաններ: