Դատարանը մեղավոր է ճանաչել ռուս նախկին նախարար Ուլյուկաևին

12:57 • 15.12.17

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվել Մոսկվայի դատարանի կողմից իր դեմ հարուցված կաշառակերության գործով, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվել իր պաշտոնավարման օրոք կաշառք վերցնելու համար», - ասված է դատավոր Լարիսա Սեմյոնովայի կայացրած վճռում:

Դատախազությունը պահանջել է Ուլյուկաևին դատապարտել 10 տարվա ազատազրկման, ինչպես նաև ենթարկել նրան 500 մլն ռուբլու չափով դրամական տույժի: Վճիռը կհրապարակվի այսօր։

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ անցյալ տարի ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել  Ուլյուկաևի դեմ: Քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ:

Նախկին նախարարը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին: