Ամերիկուհին, որը 20 տարի շարունակ յուրացրել է մահացած մոր թոշակը, դատապարտվել է 13 ամսվա ազատազրկման

09:41 • 15.12.17

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սակրամենտո քաղաքի դատարանը 13 ամսվա ազատազրկման է դատապարտել 66-ամյա Էմմա Քարթեր Ալեքսանդրին, որը մոտ 20 տարի յուրացրել է իր մահացած մոր թոշակը, այս մասին հայտնում է Fox News-ը:

1991 թվականի ապրիլին Էմման ստանձնել է իր մոր՝ Դորոտի Գրիֆֆինի խնամքը, կարճ ժամանակ անց նա իրավունք է ստացել ծեր կնոջ թոշակի անդորրագրերը կանխիկացնելու, դրանք ստացվում էին ամեն ամիս:

Ինչպես նշում է աղբյուրը, Գրիֆֆինը մահացել է 1993 թվականին, սակայն դուստրը շարունակել է ստանալ ու ծախսել նրա թոշակը՝ չտեղեկացնելով համապատասխան մարմիններին կնոջ մահվան մասին: Ավելին՝ նա նույնիսկ պարբերաբար տեղեկացրել է, թե ինչպես է իր՝ իրականում մահացած մայրը «ծախսում» այդ գումարները:

Իրականում չարագործը ծախսել է այդ գումարներն իր անձնական կարիքների համար՝ ներառյալ ավիատոմսեր, հյուրանոցային համարների վճարումներ, մեքենայի տեխսպասարկում և գնումներ տարբեր խանութներից: