Գևորգ Սաֆարյանը խախտել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, իսկ մեղադրողը լիազորված է դատարանում միջնորդություն հարուցել. դատախազ
Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին կալանքի տակ պահելու,դատախազի միջնորդության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանի հետ:
-Պարո՛ն Ենոքյան, դեկտեմբերի 8-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրող դատախազի միջնորդության հիման վրա ազատազրկման մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը: Որոշ իրավապաշտպաններ և փաստաբաններ կասկածի տակ են դնում այդ նախաձեռնության իրավաչափությունը: Օրինակ՝ Սաֆարյանի պաշտպանը վիճարկում է առաջին հերթին հիմնավոր կասկածի առկայությունը:
-Հարցին առավել ամբողջական պատասխանելու նպատակով հարկ եմ համարում հակիրճ անդրադառնալ գործի դատավարական նախապատմությանը:
Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով: 2015 թվականի ապրիլի 9-ին Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
2015 թվականի մայիսի 4-ին դատախազի որոշմամբ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2015 թվականի մայիսի 4-ից գտնվելով ազատության մեջ՝ Գևորգ Սաֆարյանը խախտել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ, այն է՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր արարք, մասնավորապես՝ 2016թ. հունվարի 1-ին առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ:
Վերոհիշյալ հանցանքի կատարման համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Օրինական ուժի մեջ մտած դատավճռով Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով և պատժի կրումից ազատվելու է 2018 թվականի հունվարի 1-ին:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով մեղադրողը Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ՀՀ օրենսդրության, միջազգային կոնվենցիաներով նախատեսված պահանջների պահպանմամբ:
Ի սկզբանե, դեռևս 2015թ. ապրիլի 9-ին, Գ. Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս դատարան է ներկայացվել փաստական տվյալների այնպիսի համակցություն, որը բավարար է եղել իրեն մեղսագրվող հանցավոր արարքին Գ. Սաֆարյանի առնչությունը հաստատելու համար: Քրեական գործի հետագա քննության արդյունքում մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, հաղթահարելով հիմնավոր կասկածից վերապացուցողական չափանիշի շեմը, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան:
Անշահագրգիռ, սկսնակ մասնագետի համար էլ պարզ է, որ հաստատված մեղադրական եզրակացությամբ (որում թվարկված և մեջբերված են մեղադրանքը հիմնավորող բազմաթիվ ապացույցներ) դատի տրված անձի պարագայում, առնվազն, հաղթահարված է «հիմնավոր կասկածի» ապացուցողական շեմը:
-Որո՞նք էին անազատության մեջ գտնվելու պայմաններում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության հիմքերը, որովհետև շատերը նման որոշումը համարում են աննախադեպ:
-Ինչպես նշեցի Գևորգ Սաֆարյանը նախ ձերբակալվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության կասկածանքով, ապա 2015թ. ապրիլի 9-ին վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Ի դեպ, հարկ եմ համարում ընդգծել, որ 2015 թվականի մայիսի 4-ին հենց քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից է կայացվել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ որոշում և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ընդ որում, համապատասխան արձանագրությամբ Գևորգ Սաֆարյանին բացատրվել են կիրառված խափանման միջոցի պայմանները, ինչպես նաև պարզաբանվել է, որ դրանք չպահպանելու և գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կարող է կիրառվել կալանավորումը:
Սակայն, գտնվելով ազատության մեջ՝ Գևորգ Սաֆարյանը խախտել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված նոր հանցագործություն, որի համար դատապարտվել է:
Այսինքն՝ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ այսօր քննվող քր. գործով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանների խախտումը՝ նոր հանցանքի կատարումը, հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բացի նշվածից, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը հիմնավորվել է Գևորգ Սաֆարյանին մեղսագրված արարքի բնույթով և հանրային վտանգավորության աստիճանով, դրա կատարման առանձնահատկություններով, եղանակներով, գործի դատական քննության ընթացքում դրսևորված հակաիրավական վարքագծով, որն արտահայտվել է դատական նիստի կարգը պարբերաբար խախտելով, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:
Նշված հանգամանքները բավարար հիմք են տալիս ողջամիտ կանխատեսման համար առ այն, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում ամբաստանյալը կարող է քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, առանց հարգելի պատճառների, չներկայանալ կամ այլ ճանապարհով խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել, խուսափել քրեական պատասխանատվությունից և պատիժը կրելուց, կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, իսկ անազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցի կիրառմամբ չի ապահովվի ամբաստանյալի պատշաճ վարքագիծը:
Մեջբերված հիմքերը լիովին համապատասխանում են նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներին:
-Փաստաբանը նշում էր, որ առաջին ատյանի դատարանը քրեական գործի դատական քննություն նշանակելու մասին 2017 թվականի մայիսի 16-ին որոշում էր կայացրել, ըստ որի՝ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ: Սրա վրա հիմնվելով նշվում է, որ նոր՝ անազատության հետ կապվող խափանման միջոց ընտրելու թե՛ միջնորդությունը, թե՛ որոշումն իրավաչափ չեն:
-Նախ՝ դատարանի կողմից նման որոշման կայացումը պայմանավորված է եղել հենց այն հանգամանքով, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց արդեն իսկ կիրառված է եղել կալանավորումը: Ընդ որում, հենց նույն որոշմամբ դատարանը փաստել է, որ Գ. Սաֆարյանի ազատության մեջ հայտնվելու դեպքում տվյալ քրեական գործով դատական քննությանը չներկայանալու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր:
Այսինքն ՝դեռևս քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշումը կայացնելիս դատարանը գործում եղած փաստական տվյալների հիման վրա բարձր է գնահատել ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը:
Հետևաբար մեղադրողի միջնորդության և դատարանի որոշման իրավաչափությունը կասկածի տակ դնելու հիմքերը բացակայում են:
-Ըստ որոշ փաստաբանների և իրավապաշտպանների, դատաքննության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն դատարանի նախաձեռնությամբ, իսկ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը չի կարող ներկայացվել բանավոր: Նաև այս երկու փաստարկներն են բերվում պնդելու, որ թե՛ միջնորդությունը և թե՛ դատարանի որոշումն անօրինական էին:
-Մի կողմ թողնենք այդ երկու դատողության միջև առկա հակասությունը: Հանրությանը և մասնավորապես, նման մտքեր արտահայտող իրավաբաններին պարզաբանենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս: Իսկ նույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմերի միջնորդությունները, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց պահանջները պետք է մտցվեն դատական նիստի կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ, իսկ գրավոր միջնորդությունները և պահանջները` կցվեն քրեական գործի նյութերին:
Մեջբերված նորմերի բովանդակությունից պարզ է դառնում, որ մեղադրողը լիազորված է դատարանում հարուցել միջնորդություններ, այդ թվում՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, դրանք կարող են լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Պարզապես վերջին դեպքում դրանք պետք է մտցվեն դատական նիստի արձանագրության մեջ:










