ԱՄՆ-ում կեղծ ամուսնություններ գրանցելու խարդախ սխեմա է բացահայտվել, ձերբակալվածների թվում կա 28-ամյա հայուհի
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ բացահայտել են կեղծ ամուսնություններ գրանցելու խարդախ սխեմա, որի միջոցով նախկին խորհրդային երկրների քաղաքացիներն ամուսնացել են ԱՄՆ քաղաքացիների հետ: Ձերբակալվածների թվում կա Ադրբեջանից հայուհի՝ 28-ամյա Սվետլանա Շախրամանյանը: Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ արդարադատության նախարարության կայքից:
ԱՄՆ իմիգրացիոն և մաքսային ոստիկանության քննիչների համաձայն՝ ամերիկացիներին վճարվել է մինչև 20.000 դոլար ԱՄՆ քաղաքացի դառնալ ցանկացող օտարերկրացիների հետ կեղծ ամուսնությունների մեջ մտնելու համար:
Քննիչների խոսքերով՝ 2015 թվականից մինչև 2016 թվականը գործած սխեմայով ամուսնացել է առնվազն 100 մարդ:
Հաղորդվում է, որ տեղի իշխանությունները նկատել են «նմանատիպ երկրներից» կասկածելիորեն մեծ քանակությամբ ամուսնական թույլտվությունների դիմումներ:
Ձերբակալվել է ինը մարդ: Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախ սխեմային ներգրավվածության համար: Երկուսն իրենց մեղավոր են ճանաչել:
Կեղծ ամուսնության գրանցումը պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ և 250.000 դոլար տուգանքով:










