Ճապոնիան մտադիր է ռեկորդային 46 մլրդ դոլար հատկացնել երկրի պաշտպանության համար

14:42 • 16.12.17

Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են հաջորդ ֆինանսական տարում 46 միլիարդ դոլար հատկացնել երկրի պաշտպանության կարիքների համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Նիկեյ» թերթին:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ այս միջոցների զգալի մասը կտրամադրվի Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար նախատեսված սպառազինություն գնելու համար: Մասնավորապես, իշխանությունները մտադիր են ամրապնդել հակահրթիռային պաշտպանության համակարգը:

Նշվում է, որ այս առաջարկի ընդունման դեպքում 2018 թվականի ապրիլին սկսվող ֆինանսական տարվա ռազմական բյուջեն ռեկորդային բարձր կդառնա Ճապոնիայի համար: Դրանից բացի, սա կնշանակի, որ Ճապոնիայի իշխանություններն արդեն վեցերորդ տարին ավելացնում են պաշտպանության համար նախատեսված ծախսերը: