Բալասանյանն ու իր դաշինքը 1,5 տարի է՝ համառորեն դիմադրում են Գյումրիի մանկապարտեզների համար կառավարությունից գումար պահանջելուն. Լ. Բարսեղյան

15:25 • 16.12.17

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու դաշինքի ավագանու անդամները անհասկանալի պատճառներով հետաձգում և տապալում են «Գալա»-ի առաջարկը, որպեսզի քաղաքապետարանը կառավարությունից 550 միլիոն դրամ պահանջի՝  աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող մարզում և քաղաքում երեխաներին անվճար մանկապարտեզ ուղարկելու հնարավորություն տալու համար:

Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Գյումրի ավագանու անդամ Լևոն Բարսեղյան՝ նշելով, որ պատճառաբանությունները անհասկանալի ու անհեթեթ են:

«Որևէ ողջամիտ բացատրություն չեն տվել իրենք, խոսում, խոսում են, պարզ չի դառնում, թե ինչու են դեմ, որ այդ գումարը խնդրվի կառավարարությունից: Գումարի որևէ այլ աղբյուր չեն առաջարկում: Անհասկանալի բաներ են պատմում՝ ինչ-որ կառավարությունը կրթության մասին ինչ-որ օրենք է մշակում, կամ՝ որ, ուղերձ հղելու ժամանակը չէ։ Էդ ո՞վ չի ուզում, որ Գյումրիում մանկապարտեզներն անվճար լինեն, եկեք միասին աշխատենք, բայց թե ինչն է խանգարում, որ ավագանին ուղերձով դիմի կառավարությանը, չեն բացատրում»,–ասաց նա:

Ըստ որում, ըստ Բարսեղյանի՝ ՀՎԿ-ի ու «Բարգավաճ Հայաստան»-ի անդամներն էլ նիստերի ժամանակ կողմ արտահայտվելով գաղափարին՝ առաջարկում են, թե եկեք, Գագիկ Ծառուկյանին դիմենք:

Լևոն Բարսեղյանի տեղեկացմամբ՝ եթե Երևանում, մեկ շնչին ընկնող բյուջեն կազմում է 80 հազար դրամ, ապա Գյումրիում այն կազմում է մեկ շնչի համար 23 000 դրամ: Այսինքն՝ Երևանը իր բնակչի համար ծախսելու մոտ 4 անգամ ավելի շատ գումար ունի, քան Գյումրին, որ առանց այդ էլ աղքատության ճիրաններում է:

Նշենք, որ ըստ Գյումրու ավագանու «Գալա» խմբակցության հաշվարկների՝  Գյումրիում գործող 22 մանկապարտեզներում, որտեղ ամսական վարձավճարը  կազմում է 5-8 հազար դրամ, մանկապարտեզահասակ 1700 երեխա մանկապարտեզ չի գնում: Աղքատ ընտանիքի երեխաների քանակն ավելի շատ է, բնականաբար, տնակային ավաններում: Գյումրիում մանկապարտեզներն անվճար դարձնելու դրույթը եղել է «Գալա»-ի նախընտրական ծրագրում: