Քսենիա Սոբչակը հայտարարել է ընտրություններից դուրս գալու պատրաստակամության մասին
Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որը հայտարարել էր 2018-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին, պատրատակամություն է հայտնել միավորվելու այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ և նույնիսկ դուրս գալ ընտրություններից նույնախոհներից մեկի օգտին: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն:
«Մեր ընդդիմությունը չի ցանկանում միավորվել: Դա մի կողմից շատ տխուր է, մյուս կողմից՝ նորմալ: Ինչո՞ւ դեմոկրատներին շատ ավելի դժվար է միավորվել, քան պետական քաղաքական գործիչներին: Քանի որ այստեղ կա Վլադիմիր Պուտինը: Երբ մարդիկ յուրովի են մտածում, և գլխավոր ղեկավար ուժ չունեն, դժվար է միավորվել», - ասել է Սոբչակը՝ պատասխանելով ընդդիմության միավորման մասին հարցին:
Նա հավելել է, որ, իր հերթին, ցանկանում է բոլորի հետ միավորվել և այդ հարցով մի շարք կարևոր հայտարարություններ է արել:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին Սոբչակը հայտարարել է հոկտեմբերի 18-ին: Դեկտեմբերի 16-ին նա բացել է իր նախընտրական շտաբը:
ՌԴ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 18-ին: Ընտրարշավը մեկնարկում է դեկտեմբերի 18-ին:










