Դատարանը որոշել է, որ Ավանի հոգեբուժարանում հարկադիր բուժման մեջ գտնվող Ռամոնդ Օհանջանյանն ադեկվատ է
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանը դեկտեմբերի 15–ին հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց հարցերով զբաղվող Դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի հետ միասին այցելել է Ավանի հոգեբուժարան:
Չնայած հանձնաժողովի անդամների առարկություններին, դատավորը որոշել է, որ արդեն մի քանի օր հարկադիր բուժման մեջ գտնվող Ռամյոնդ Օհանջանյանն ադեկվատ է և հոգեբուժարանում հարկադիր բուժման կարիք չունի: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ռայմոնդը, ով ի նշան հարկադիր բուժման դեմ բողոքի սնունդ չէր ընդունում և հրաժարվում էր դեղեր խմել։ Ռայմոնդը պատմեց, որ մինչ դուրս կգրվեր, ուշաթափվել է և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:
«Ես հույս չունեի, որ դատարանի վճիռը կգա, այդ սթրեսներից, ապրումներից մի քանի հոգեմետ դեղահաբ էի խմել, վատացել էի, ուրբաթ օրը ինձ շտապօգնության մեքենայով տարել են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, սիստեմաներով մնացել եմ ամբողջ գիշեր, հետո բերել են տուն:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանը եկավ, նայեց, հանձնաժողովը հարցեր տվեց ինձ և դատավորն ադեկվատ ճանաչեց: Բայց մինչև այդ դատավորը կոմիսիայի ժամանակ, բացի ինձանից նաև հարց տվեց գլխավոր բժիշկներին, ովքեր ասացին, թե ես պետք է հարկադիր բուժում ստանամ: Իրենք այդպես էին ասում, որովհետև վախենում էին, որ ես կարող է դուրս գամ, իրանց դատի տամ, քանի որ, երբ նստած էինք, ասացի ամեն ինչ` ճիշտը»,-ասաց Ռայմոնդը։
Հիշեցնենք, որ վերջինս հոգեբուժարան տեղափոխվելու առաջին օրվանից պահանջում էր հանձնաժողով և չէր դադարեցնում հացադուլը, ուտելիքով փաթեթները պատուհանից դուրս էր շպրտում:
Ռայմոնդն ասաց, որ մտադիր է դատի տալ իրեն հարկադրաբար հոգեբուժարանում պահած անձանց:
«Ես պատրաստվում եմ դատի տալ իրենց։ Իմ անցկացրած 8-9 օրվա համար ո՞վ պետք է վարձահատույց լինի, մեր տան աշխատողը միայն ես եմ, հիվանդ մայրիկիս ես եմ պահում, տան վարձի փող եմ տալիս, կոմունալ տալիս, տոկոսներ ունեմ, և, ընդհանրապես, իմ ապրումների համար ով պետք է փոխհատուցի: Ես ինձ մոտ եղած նկարներով դատի եմ տալու, նաև դատավորից հարցրեցի` որ իրավունք ունե՞ն հիվանդին բռնի ուժով կապել, սրսկել, ծեծել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում Ավանի հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանը հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում նման բուժհաստատություններում կարող է ֆիզիկական զսպում կատարվել, հարկադրաբար դեղեր տրվեն հիվանդին, ինչպես նաև այլ միջոցներ:










