Նոր տարվա սեղանի հիմնական ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով. Բաբկեն Պիպոյան

11:42 • 17.12.17

«Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ամանորի սեղանի ծախսերի մասին, ասաց, որ դա հիմնականում կախված է նրանից, թե քաղաքացիները որքան հյուր են նախատեսել ընդունել:

«Հաշվարկները չեն կարող բոլորի վրա տարածվել, քանի որ ընտանիքներ կան, որ նախատեսում են ընդունել 15, 30, 40 կամ 50 հյուր: Այդ պատճառով մենք միջինացված ցուցանիշ ենք վերցնում` 30-40-ը: Այսինքն` տան անդամները և հյուրերը իրար հետ չեն գերազանցում 40-ը»,- ասաց նա  և նշեց, որ որոշակի ապրանքներ կան, որոնք էական ազդեցություն են ունենում ընդհանուր ծախսվող գների վրա և չի բացառվում, որ մարդիկ ալկոհոլային խմիչքների այնպիսի տեսականի ընտրեն, որ միջինից երեք անգամ գերազանցի ծախսերը:

«Թեև մոնիտորինգը դեռ չենք ավարտել, բայց նախորդ տարիների համեմատ կարող եմ ասել, որ առաջնային ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով: Հիմնականում այն ապրանքները, որոնք 15%-ով չեն թանկացել, ընդհանուր գումարի մեջ ցածր տեսակարար կշիռ են կազմում, այսինքն՝ ամանորյա ծախսերի հիմնական բաժնի ծավալը թանկացումը եղել է շատ ավելի բարձր տոկոս»,-ասաց նա:

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ կան մարդիկ, որ Ամանորի սեղանի համար ծախսում են 250 000 դրամից 750 000 հազար դրամ, այսինքն՝ միջինը ծախսում են 400 հազար դրամ: Նա նշեց, որ գումարի հիմնական տեսակարար կշիռը բաժին է հասնում մսամթերքին և խմիչքներին:

«Խմիչքների շուկայում թեև գնաճ ունենք, բայց ոչ այնքան, որքան մսամթերքի շուկայում: Պտուղ-բանջարեղենի գները տատանողական են, նախորդ տարվա համեմատ կարող է գները մի քիչ փոխվեն, բայց Ամանորից առաջ թանկանան»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ թեև ամեն տարի քաղաքացիներն ասում են, որ այլևս Նոր տարի չեն անելու, պարտքերի մեջ չեն ընկնելու, սակայն ամեն տարվա վերջում հիշում են, թե որքան դրական իմպուլսներ են ստացել այդ Նոր տարվա օրերից ու  նորից այդ ծախսն անում  են: «Այսինքն՝ անում են այնքան, որքան հնարավորություն ունեն և թեկուզ պարտքով»,-  ասաց նա և նշեց, որ թանկությունը, թեև մարդկանց մոտ Նոր տարի անելու ցանկությունը չի նվազեցրել, բայց հնարավորությունը նվազեցրել է:

Ներկայացնում ենք որոշ ապրանքների գներ, որոնք հիմնականում գնվում են Նոր տարվա սեղանի համար: Նշենք, որ գները դեկտեմբերի 16-ի դրությամբ նվազագույնն են կամ միջինացվածը և հարաբերական են, քանի որ տեսականին տարբեր է:

Ապրանքներ՝ մեկ կիլոգրամի հաշվարկով

Հավի միս –1120 դրամ

Հավի բուդ – 1250 դրամ

Տավարի միս – 2890 դրամ

Խոզի միս – 3290 դրամ

Խոզի բուդ  – 3290 դրամ

Քյուֆթա  – 2560 դրամ

Խմիչքներ՝ 0.5 լիտրի հաշվարկով

Ռուսական օղի – 2000 դրամից սկսած

Կոնյակ  – 5400 դրամ

Գինի – 2100 դրամ

Պտուղ–բանջարեղեն՝ 1 կիլոգրամի հաշվարկով

Նուռ – 720-1200 դրամ

Արքայանարինջ – 500 դրամ

Սերկևիլ  – 950 դրամ

Տանձ  – 890 դրամ

Խնձոր –  300–ից 1450 դրամ

Նարինջ – 470 դրամ

Կիվի – 1150 դրամ

Բանան – 650 դրամ

Անանաս – 990 դրամ

Լոլիկ  – 920 դրամ

Կաթնամքերք

Կաթ, 1 լիտր – 390

Թթվասեր, 0.5 կգ – 500

Մեծ Մածուն – 470 դրամ

Նորզելանդական կարագ – 1 կգ՝ 5400 դրամ

Ռոկֆոր պանիր, 100 գրամը – 570 դրամ

Հոլանդական պանիր, 100 գրամ – 375 դրամ

Հայկական պանիր, 100 գրամը – սկսած 230 դրամից

Այլ ապրանքներ՝

Եգիպտացորեն – 510

Ոլոռ – 480 դրամ

Բաստուրմա 100 գրամ – 866 դրամ

Սուջուխ 100 գրամ – 599 դրամ

Զեյթուն – 670 դրամ

Ընդեղեն՝  100 գրամի հաշվարկով

Չամիչ 145-450 դրամ

Չիր – սկսած 2800 դրամից

Գետնանուշ – 139 դրամ

Պնդուկ – 379 դրամ

Նուշ – 749 դրամ

Հնդկական ընկույզ – 999 դրամ

Ընկույզ – 600 դրամ

Նոր տարվա սեղանի հիմնական ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով. Բաբկեն Պիպոյան