Հայտնի է դարձել, թե ինչով է զբաղվելու բանտում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարարը

13:00 • 17.12.17

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը պատմել է, թե ինչով է պատրաստվում զբաղվել առաջիկա 8 տարիներին բանտում, գրում է lenta.ru-ն: 

«Ես հույս ունեմ, որ կշարունակեմ գրել բանաստեղծություններ: Իսկ մարզասրահ այստեղ կա՞, ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ գրանցվել: Յոգայի համար գորգ կարելի է չէ՞ այստեղ փոխանցել», - ասել է նախկին նախարարը Հանրային դիտորդական հանձնաժողովի հետ զրույցում:

Հայտնի է նաև, որ Ուլյուկաևը դժգոհ է, որ բանտում չի կարողանա դրսից գրքեր ստանալ, թեև գիրք բանտարկյալները կարող են ձեռք բերել մեկուսարանի տարածքում եղած գրախանութից:

Հանրային դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ Եվա Մերկաչևը նաև պատմել է, որ բացի այդ ամենից նախարարը մտադիր է «նստել լռության մեջ և մտածել իրավիճակի մասին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Ուլյուկաևը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Նախկին նախարարը կենթարկվի նաև դրամական տույժի՝ 130 մլն ռուբլու չափով: Բանտից դուրս գալուց հետո նա 8 տարի չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվել Մոսկվայի դատարանի կողմից իր դեմ հարուցված կաշառակերության գործով:

Դեռևս անցյալ տարի ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նրա դեմ: Քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ:

Նախկին նախարարը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին: