Հայաստանում «Porsche» ընկերության ներկայացուցչությունը երազանքի օր պարգևեց «ՍՕՍ-մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի երեխաներին
Հայաստանում «Porsche» ընկերության ներկայացուցչությունը ամանորին ընդառաջ երազանքի օր պարգևեց «ՍՕՍ-մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի երեխաներին:
Դեկտեմբերի 16-ին ընկերության ներկայացուցիչներն ու հաճախորդները՝ Porcshe- ավտոմեքենաների վարորդներն ուղևորվեցին «ՍՕՍ մանկական գյուղեր» ավան և երեխաների հետ վերադարձան Երևան` տոնական օր պարգևելով նրանց «Pizza Hut» ռեստորան- պիցցերիայում: Երեխաները վայելեցին համեղ հյուրասիրություն` հեքիաթի հերոսների մասնակցությամբ ու հետաքրքիր խաղերով:
«Մեզ այսօր բախտ է վիճակվել ներկայացնել մի մակնիշ, որը համաշխարհային նշանակություն ունի: Մեր ընկերությունը և «Դերժավա» ընկերությունների խումբը, որը նաև մեր ընկերությանն է պատկանում, համատեղ որոշեցինք Կոտայք գյուղի ՍՕՍ մանկական ավանի երեխաների համար կազմակերպել մի փոքրիկ երազանքի օր. փոքրիկ ճամփորդություն երազանքի ավտոմեքենայով`Porcshe-ով և նաև հաճելի ժամանց ապահովել ամանորի առթիվ: Միջոցառմանը սիրով մասնակցում են նաև մեր հաճախորդները, Porsche –ի վարորդները: Դուք պետք է տեսնեիք երեխաների ոգևորվածությունը, թե ինչպես մեզ դիմավորեցին, դա նաև շատ հուզիչ էր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Porsche ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արտեմ Սիմոնյանը:
Ընկերության ղեկավարի խոսքով բարեգործական միջոցառման համար ընտրվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը, քանի որ այստեղ երեխաներին ցուցաբերվում է յուրօրինակ խնամք, որն համարժեք է ընտանեկան մոդելին:
«Մենք շատ հավանեցինք «ՍՕՍ մանկական ավանում» երեխաների խնամքի ձևը, նրանց հետ տարվող աշխատանքը: Առաջին անգամ է այս նախաձեռնությունը, բայց վստահ եմ, որ անպայաման կլինի շարունակական: Գիտեք ինչ, միայն որևէ բանի հասնելն ու դա վայելելը չէ, որ հաճույք է պատճառում մարդուն: Հոգեկան մեծ բավարարվածություն է, երբ դու կիսում ես այն, ինչին դու հասել ես և, հատկապես, այն փոքրիկների հետ, միգուցե ում կյանքում ամեն ինչ, այնպես չէ դասավորվել»,-ասաց Արտեմ Սիմոնյանը:
«ՍՕՍ– մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամը միջազգային կազմակերպություն է, որը գործում է աշխարհի 135 երկրներում, հետխորհրդային երկրներից առաջինը հիմնվել է հենց Հայաստանում: Այն առանձնահատուկ գյուղատիպ համայնք է, որտեղ երեխան ստանում է ընտանեկան խնամք: Յուրաքանչյուր տանը ապրում է հինգից վեց երեխա`խնամակալ-մայրիկների հետ: Հիմնադրամի ներկայացուցիչը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և ցանկացավ, որ այն լինի նաև մյուս ընկերությունների համար լավ օրինակ:
«Մենք հավատացած ենք, որ ցանկացած մարդու կայացման գործում երջանիկ մանկություն ունենալը ամենակարևոր գրավականն է, և մենք փորձում ենք դա ապահովել մեր երեխաների համար: Մենք շատ ուրախ ենք, որ կան ընկերություններ, որոնք իրենց բիզնեսը պատասխանատու են վարում և իրենց հաջողություններից կիսում են նաև հասարակության հետ, իսկ հասարակության կարևորագույն անդամները երեխաներն են: Շատ կարևոր է իրենց քայլը, որ եկան, ծանոթացան, գնահատեցին մեր կատարած աշխատանքը և կազմակերպվեց այս միջոցառումը: Շատ կցանկանայինք, որ մյուս խոշոր ընկերությունների համար այս նախաձեռնությունը դառնա վարակիչ և իրենք էլ աջակցեն մեզ, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով, ցավոք, շատ ծրագրեր փակվում են»,-ասաց «ՍՈՍ- մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի կորպորատիվ հանգանակությունների մասնագետ Վանանե Արարքցյանը:
Միջոցառման կազմակերպիչ, Հայաստանում «Porsche» ընկերության ներկայացուցիչների համոզմամբ միջազգային կազմակերպությունները տարվա մեջ գոնե մեկ անգամ` ելնելով սոցիալական պատասխանատվությունից, ծրագրեր պետք է իրականացնեն հենց երեխաների համար, ովքեր իրապես ունեն ուշադրության կարիք:
Երգ, պար, խաղեր ու մանկական բազում ժպիտներ էին տոնական միջոցառման ընթացքում, իսկ ավարտին երեխաները ստացան սպասված ու ցանկալի նվերներ` կինոթատրոնի տոմսեր ու խաղահրապարակի նվեր քարտեր, կենցաղային պարագաներ, քաղցրավենիք և այլ անակնկալներ:



%20copy.jpg?1513585768976)
%20copy.jpg?1513585775287)
%20copy.jpg?1513585780632)
%20copy.jpg?1513585786311)
%20copy.jpg?1513585701599)
%20copy.jpg?1513585801687)
%20copy.jpg?1513585808604)











