Վիզաների կենտրոններում անկարգ վիճակ է. վճարը 60 եվրոյից իջել է 30–ի, բայց այստեղ շատ ավելին են գանձում` փաստաթղթի վրա սկրեպ խփելու համար. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

18:55 • 18.12.17

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի համար պետք է հասկանալի լինի, թե ինչ են Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով նախատեսված բարեփոխումները: Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ միջև» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե քաղաքացին չի դառնալու այս բարեփոխումների հիմնական շահառուն, եթե քաղաքացին այս առաջարկված բարեփոխումները չի համարելու իր համար կենսական, եթե քաղաքացին չի դառնալու այն կարևոր լոկոմոտիվներից մեկը, ապա կարող ենք ասել, որ այս փաստաթուղթը լինելու է մեռելածին, այն ընդամենը դարակում դրված համաձայնագիր է լինելու»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվեց բավական կարևոր ժամանակահատվածում թե՛ ԵՄ, թե՛ Հայաստանի համար:

«Մեր երկիրը հասել էր մի այնպիսի սահմանագծի, որից այն կողմ լրջագույն պրոբլեմներն են: Կա՛մ մենք կանենք այդ բարեփոխումները, կա՛մ կկանգնենք խնդիրների առաջ: Գաղտնիք ասած չեմ լինի եթե նշեմ, որ ԵՄ-ն լուրջ բարեփոխումների կարիք ունի: ԵՄ-ն ինքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Ես համաձայն չեմ Լյուսքսեմբուրգի Արտաքին գործերի նախարարի հետ, որ միգրացիոն կրիզիսը քանդելու է ԵՄ-ն, բայց ես հասկանում եմ, որ անվստահության ճգնաժամը, որ կա ԵՄ տարբեր երկրներում ԵՄ ապագայի նկատմամբ, վկայում է, որ ԵՄ-ն կարևոր շրջափուլի մեջ է»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ հնարավոր չէ «սովետական Մոսկվիչի շարժիչով, բեռնաթափքում ունենալով կոռուպցիա, վատ կառավարում, բազում խնդիրներ, տնտեսական մոնոլոպոլիաներ, շարժվել առաջ»: Այս ճանապարհը, պատգամավորի համոզմամբ, փակուղային է, որևէ լավ տեղ չի տանելու:

«Իշխանության մեր ներկայացուցիչներին բացարձակ դուր չի գալիս քաղաքական կամք ձևակերպումը. իրենք դա համարում են ռետրո, ժամանակավրեպ, բայց ես զուսպ լավատեսությամբ եմ վերաբերում համաձայնագրին: Կյանքի չի կոչվելու որևէ փոփոխություն, եթե բարեփոխումները իրականացնելու կոչված կառույցները շահագրգռված չլինեն կյանքի կոչել դրանք: Իմիտացիաներով չի կարելի շարժվել առաջ: Ես կարծում եմ, որ որքան ել լավ դրանք փաթեթավորված լինեն, ժամանակը սպառված է, ավազե ժամացույցը սպառվել է: Կա՛մ մենք կգնանք այս խորքային, համակարգային փոփոխություններն իրականացնելու ճանապարհով, կա՛մ երկիրը կդատապարտվի փակուղու»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Խոսելով վիզաների դյուրացման մասին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ, այ, դրանք հեշտացվել է ստանալը, բայց միայն որոշ խավերի համար: «Անկարգ իրավիճակ է տիրում վիզաների կենտրոններում: Վճարման գումարը 60 եվրոյից իջավ 30 եվրոյի, բայց այնտեղ շատ ավելին են գանձում անհասկանալի ծառայությունների համար: Մարդկանց փաստաթղթերի վրա սկրեպ խփելու և սկրեպը կողքի դարակ դնելու համար մարդկանցից լրացուցիչ գումարներ են գանձում: Նվաստացուցիչ ու անհարգալի վերաբերմունք են ցույց տալիս մարդկանց»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով որ սա ամենևին չի վկայում վիզաների ազատականացման մասին: