Ըստ ահազանգի՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում սանիտարը ծեծել է առողջական խնդիրներ ունեցողների, տնօրենը տեղյակ չէ
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող երկու անձանց նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել: Այս մասին քաղաքացիներից մեկը ահազանգել և հայտնել է Tert.am-ի խմբագրությանը, տրամադրելով նաև լուսանկարներ:
Ըստ քաղաքացու պատմածի՝ Երևանի համալսարաններից մեկի նախկին ուսանողը, ով գտնվում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, ֆիզիկական բռնության է ենթարկվել Յուրա անունով սանիտարի կողմից:
«Առավոտյան Կ.-ն և Ա-ն գնացել են մեզի և արյան անալիզ հանձնելու, ինչի ընթացքում Կ.-ն սանիտար Յուրային հարցրել է, թե կարող է արդյոք իմանալ նաև իր արյան կարգը և բացասական պատասխան է ստացել: Կ.-ն միջանցք է դուրս եկել և հայհոյել սանիտարին, ինչից հետո սանիտար Յուրան մոտեցել և աջ բռունցքով հարվածել է Կ.-ի ձախ աչքին, աչքը վնասվել է»,-ասաց քաղաքացին:
Ինչ վերաբերում է մեկ այլ հիվանդի՝ Ա.-ին ֆիզիկական բռնության ենթարկելուն, քաղաքացին հայտնեց, որ Ա.-ի ձեռքերն ու ոտքերը կապել են, ինչի ընթացքում նա գլխով հարվածել է սանիտար Յուրային, վերջինս էլ ձեռքով հարվածել է Ա.-ին:
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նման միջադեպի մասին տեղյակ չէ, իսկ եթե բողոքներ կան, ապա կարող են դիմել իրավապահներին։
« Յուրին հնարավոր չէ, որ ինչ-որ մեկին հարվածեր: Թող պարզեն, եթե մեղավոր է, թող գնա ու պատժվի: Եթե նման միջադեպ լիներ, առավոտյան պիտի զեկուցած լինեին: Եթե բողոք ունեն թող բողոքեն իրավապահ մարմիններին, թող դիմեն ոստիկանություն, տանեն, հարցաքննեն, եթե նման բան կա,ես կողմ եմ»,– ասաց նա:
Ինչ վերաբերում է նշված սանիտարին, ապա Արեգա Հակոբյանն ասաց, որ նա երբևէ նման միջադեպի մասնակից չի դարձել, երբեք նման խնդիրների մեջ չի հայտնվել.«Ինքը շատ պարկեշտ անձնավորություն է»:
Նշենք, որ տրամադրված լուսանկարները Tert.am-ը չի հրապարակում այն պատճառով, որ լուսանկարները թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել նշված անձանց ինքնությունը:










