ՌԴ-ում պաշտոնապես մեկնարկել է 2018թ. նախագահական ընտրարշավը

15:26 • 18.12.17

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է 2018թ. նախագահական ընտրարշավը, հայտնում է ria.ru-ն՝ հավելելով, որ կուսակցական և անկախ թեկնածուներն արդեն կարող են առաջադրել իրենց թեկնածությունն ու  անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):

Աղբյուրը հիշեցնում է, որ առաջադրվելու մտադրության մասին հայտարարել է արդեն 23 մարդ՝ այդ թվում նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, լրագրող Եկատերինա Գորդոնը, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, քաղաքական գործիչ Գրիգորի Յավլինսկին:

Հայտնի է, որ դեկտեմբերի 18-ից ԿԸՀ-ն պետական բյուջեից կսկսի համապատասխան ֆինանսավորում ստանալ մարտի 18-ին կայանալիք ընտրությունների կազմակերպման համար: Աղբյուրը մանրամասնում է, որ իշխանությունները մտադիր են ընտրությունների անցկացման համար 14.807 մլրդ ռուբլի ծախսել:

ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան ընդգծել է, որ երկրի ընտրական համակարգը պատրաստ է ընտրություններին: Նա նաև շեշտել է, որ ընտրարշավը ծրագրված է այնպես անցկացնել, որ հետագայում որևէ մեկը չամաչի:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ընտրվելու է 6 տարի ժամկետով: