Մոսկվաբնակ Նարեկ Հովհաննիսյանը Հեռավոր Արևելքում մասնավոր կղզու տեր է դարձել

16:36 • 18.12.17

Մոսկվայի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը սեփական կղզին է ստացել Հեռավոր Արևելքում՝ Սախալին թերակղզուց ոչ հեռու, հայտնում է tvzvezda.ru կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Հովաննիսյանը մտադիր է իրեն պատկանող կղզում զբոսաշրջային կենտրոն բացել ու քվեսթ խաղեր անցկացնել:

Հայտնի է, որ Հովհաննիսյանը Սախալինի ու Խաբարովսկի երկրամասի միջև գտնվող կղզին, որն ունի 3 հա մակերես, իր անունով է ձևակերպել «Հեռավորարևելյան հեկտար» դաշնային ծրագրի միջոցով:

«Սեփական կղզին ունենալն ինտրիգային գաղափար է: Ուսումնասիրել եմ Հեռավոր Արևելքի ափն ու մի քանի լավ տարբերակ գտել: Ի վերջո, ընտրեցի Չակմուտը, քանի որ այն հարմար դիրք ունի»,-պատմել է Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է, որ առաջին քվեսթ խաղը կազմակերպվելու է արդեն 2019թ. ամռանը: Մասնակիցները կղզի են հասնելու մոտորանավակներով:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2017թ. փետրվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել «Հեռավորարևելյան  հեկտար» ծրագիրը, որի շրջանակում Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ մի շարք պարտավորություններ կատարելու դեպքում կարող է հող ստանալ Հեռավոր Արևելքում: