Պաղեստինցի ցուցարարներն այրել են ԱՄՆ փոխնախագահի պատկերով պաստառը՝ նրա այցին ընդառաջ

09:47 • 18.12.17

Պաղեստինցի ցուցարարների խումբն այրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի դիմանկարով պաստառը, այս մասին տեղեկացնում է NBC News-ը: 

Բողոքի ակցիան անցել է Բեթղեհեմում՝ Սուրբ Ծննդյան տաճարի մոտակայքում: Ցուցարարներն այրել են նաև միջազգային բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթի դիմանկարով պաստառը:

Պաղեստինցիներն այդ կերպ արտահայտել են իրենց բողոքը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման և Փենսի ու Գրինբլաթի սպասվելիք այցի դեմ:

Ավելի վաղ Պաղեստինն արդեն պաշտոնապես հրաժարվել էր ընդունել Փենսին՝ Թրամփի աղմկահարույց հայտարարությունից հետո:

Նախօրեին ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Դաննի Դանոնը հայտարարել է, որ Երուսաղեմը կա և կշարունակի մնալ Իսրայելի մայրաքաղաք՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խնդրի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել մահմեդականների և հրեաների միջև: