Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձի լիազորությունները հունվարի 8-ից ժամանակավորապես կկասեցվեն

19:08 • 19.12.17

Քննիչը Վանաձորի բժշկական կենտրոնում 2016թ. հոկտեմբերին մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով մեղադրյալ, ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի լիազորությունները հունվարի 8-ից ժամանակավորապես կկասեցվեն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթն իրականացնող` քննիչի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին միջնորդագիր է ներկայացվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին` Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման հարցը քննարկելու համար:

«Նույն օրը նախաքննական մարմինը «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացել է ն պատասխանը` համաձայն, որի քննիչի միջնորդագիրը բավարարվել է և ընկերության տնօրենը հրաման է ստորագրել Դավիթ Շահվերդյանի լիազորությունները 2018 թվականի հունվարի 8-ից ժամանակավորապես կասեցնելու մասին»,-ասաց Տռուզյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ծննդատան բաժանմունքում մահացել էր Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին:

Քննությամբ պարզվել են 32-ամյա կնոջ ծննդաբերությունն ընդունած և դրան հաջորդող ժամանակահատվածում նրան անհրաժեշտ բժշկական օգնությունը կազմակերպելու համար պատասխանատու անձանց շրջանակը։

Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ ծննդկանի ծննդաբերությունն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Դիլիջան-Երևան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մահացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։