Կանխվել են ԱՊՀ երկրների դեսպանատների վրա ահաբեկչական հարձակումները. ՌԴ ԱԴԾ
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկիչների հարձակումները Համագործակցության պետությունների՝ արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Բորտնիկովը չի մանրամասնել, թե երբ և որտեղ են կանխվել ահաբեկչական հարձակումների փորձերը:
Բորտնիկովը նաև նախազգուշացրել է ԱՊՀ անդամ երկրներին ահաբեկիչների մարտավարության փոփոխության մասին՝ դեպի «ինքնավար ջիհադ»:
«Փոփոխությունների է ենթարկվում նաև ահաբեկչական հարձակումների մարտավարությունը: Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարները դրդում են իրենց կողմնակիցներին, այսպես կոչված, ինքնավար ջիհադ իրականացնել», - մեջբերում է ТАСС-ը պաշտոնյայի խոսքը:
ԱԴԾ տնօրենն ընդգծել է, որ «հանցագործների թիրախը, որպես կանոն, դառնում են քաղաքացիական անձինք, իրավապահ մարմինների աշխատակիցները, քաղաքային և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները»:
Նրա խոսքով՝ գրոհայինները վերակազմակերպում են իրենց ուժերը և ուղղորդում դրանք Մերձավոր Արևելքից դուրս:
«Նրանց կենտրոնացման հիմնական կենտրոն է դառնում Աֆղանստանը, որտեղ արդեն գոյություն ունեն «Իսլամական պետության» դիրքերը և որտեղից գրոհայինները հնարավորություն ունեն ներթափանցել ԱՊՀ երկրների տարածք», - ասել է Բորտնիկովը:










