«Ելքի» առաջարկը կքննարկենք, եթե մենք նախագահի թեկնածու չունենք, չի նշանակում՝ պարտավոր ենք պաշտպանել «Ելքի» թեկնածուին. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

13:17 • 19.12.17

«Ծառուկյան» դաշինքը կքննարկի «Ելք» խմբակցության գրավոր առաջարկը, որը վերաբերում է Արտակ Զեյնալյանին որպես նախագահի թեկնածու ներկայացնելուն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ առաջարկ քննարկումը շատ չի ուշանա: «Մենք նոր ենք ստացել «Ելք»-ի գրությունը: Նրանք ակնկալում են… ոչ մեկին չես կարող զրկել ակնկալիքներից, այլ խնդիր է, որքանով են այդ ակնկալիքներն իրականանալի մեր մասով: Ցանկացած հարցում, այդ թվում նաև այս հարցում, բանակցությունը ենթադրում է երկու կողմի վստահություն: Իրենք պարզե՞լ են՝ մենք ունենք նախագահի թեկնածու, թե ոչ: Մենք պարտավորվա՞ծ ենք՝ լինի «Ելք»-ը, թե մեկ ուրիշը…»,- ասաց Պետրոսյանը:

Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքն ունի՞ նախագահի թեկնածու Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Այս պահին մենք թեկնածու չունենք, մեր օրակարգում նման հարց չկա: «Ծառուկյան» դաշինքը գործում է հրապարակային, եթե մենք ունենանք թեկնածու, կրկնում եմ, եթե մենք ունենանք թեկնածու, հանրությունն այդ մասին կիմանա»:

Նա չբացառեց, որ հնարավոր է «Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չունենա էլ: «Եթե մենք թեկնածու չունենք, դա չի նշանակում, որ պարտավոր ենք պաշտպանել «Ելք» դաշինքի թեկնածուին: Նման հարց, կրկնում եմ, չի քննարկվել, մեր օրակարգում նման հարց չկա, երբ քննարկվի, կտեղեկանաք»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ հնարավո՞ր է պաշտպանեք ՀՀԿ նախագահի թեկնածուին, ապա Գևորգ Պետրոսյանն ասաց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, ապա նշեց. «Ես չգիտեմ՝ ով կառաջադրվի, ինչ կառաջարկի, ՀՀԿ ներքին գործերին միջամտելու սովորություն չունեմ, բայց ուզում եմ մենք հարցին նայենք այլ տեսանկյունից՝ չշեշտենք կուսակցական պատկանելիությունը. տեսականորեն չի բացառվում, որ ցանկացած քաղաքական ուժ էլ ներկայացնի այնպիսի թեկնածու, որը իր գործնական անձնական հատկանիշներով լիարժեք բավարարում է Սահմանադրության և կյանքով նախագահ դառնալու հատկանիշներին»:

Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանը կյանքով համապատասխա՞ն է նախագահ դառնալու հատկանիշներին, Պետրոսյանը պատասխանեց, որ պատրաստ չէ որևէ մեկի վերաբերյալ դատողություն անել, հարցերը պետք է տալ ՀՀԿ-ին:

Խոսելով կարծիքների մասին, որ «Ելք»-ը նման առաջարկ անելով ստուգում է «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր լինելը, Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Որևէ մեկը բացի ժողովրդից իրավունք չունի այդպիսի անպտուղ գործունեությամբ զբաղվել՝ ստուգել «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր լինել-չլինելը: Մենք ճնշվող քաղաքական ուժ չենք, մենք կարող ենք լսել մարդկանց, բայց մենք ունենք սեփական տեսլականը, մեր անելիքները, մենք մեր գիծը չենք կարող շեղել»:  

Պատգամավորը նշեց, որ իրենց ուղղություն տալիս է միայն ժողովուրդը, իսկ ժողովուրդը վստահել է իրենց որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, իրենք քննադատությամբ «տակնուվրա են արել» տնտեսական վիճակը, կառավարության տնտեսական քաղաքականությունը: «Մենք չունենք կառավարությունում տեղեր, էլ ուրիշ ի՞նչ կերպ պետք է ապացուցենք մեր ընդդիմադիր լինելը: Մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք»:

Դիտարկմանը, թե վերջին 2 տարիներին չեք քննադատել Սերժ Սարգսյանին, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ անձերի բամբասանքով, անձերի քննադատությամբ չեն զբաղվում, զբաղվում են՝ երևութաբանությամբ:
 
«Ես մաղթում եմ, որ Հայաստանն ունենա այնպիսի նախագահ, որին ժողովուրդն ընդունի, ժողովրդի մեծամասնությունը վստահի ու համախմբվի նրա շուրջը: Մեզ համար անձերը չեն կարևոր, մեզ համար նպատակն է կարևոր»,-հավաստիացրեց նա: