Իրաքյան Քրդստանում հակակառավարական ցույցեր են անցկացվել, ցուցարարներն այրել են շենքեր (լուսանկար)
Իրաքյան Քրդստանում հակակառավարական տրամադրություններ են բորբոքվում։ Այս գիշեր ցուցարարները դուրս են եկել Էրբիլի, Սուլեյմանիայի, Հալեփչեի, Դահուքի և մի քանի այլ քաղաքների փողոցներ, այրել «Քրդստանի հայրենասերների միություն», «Քրդստանի դեմոկրատական կուսակցություն» և «Քրդստանի իսլամական հասարակություն» (Կոմելա) կուսակցությունների գլխավոր շտաբերի շենքերը:
Քուրդ բնակչությունը դժգոհ է իշխանությունների՝ իրենց աշխատավարձերը չփոխանցելու և այլ պարտավորություններ չկատարելու համար, հայտնի է, որ բողոքի ակցիաներին միացել են բազմաթիվ պետական պաշտոնյաներ:
Բողոքի ակցիաներին միջամտել են քրդական «փեշմարգայի» ուժերը, զինվորների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով գրանցվել են տասնյակ վիրավորներ:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմարգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Ավելի ուշ Իրաքի գերագույն դաշնային դատարանը Քրդստանի անկախության հանրաքվեն հակասահմանադրական ճանաչելու ու դրա արդյունքները չեղարկելու որոշում է կայացրել, Քրդստանի խորհրդարանն իր հերթին հայտնել էր, որ կհարգի դատարանի որոշումը:












