Իրաքյան Քրդստանը մեղադրում է կենտրոնական իշխանություններին նոր հարձակման նախապատրաստման համար, Բաղդադը հերքում է

14:58 • 19.12.17

Իրաքյան Քրդստանում մեղադրում են Իրաքի կենտրոնական իշխանություններին քրդական ուժերի դեմ նոր հարձակում նախապատրաստելու համար, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:

Քրդստանի իշխանությունները հայտնել են, որ իրաքյան բանակը պատրաստվում է իր վերահսկողությունը սահմանել Մոսուլից Քիրքուք տանող ճանապարհի նկատմամբ և նոր գրոհ է նախապատրաստում քրդական ուժերի դեմ:

Հայտնի է, որ Բաղդադը հերքում է այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):

Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմարգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:

Քրքուքը թեև Իրաքյան Քրդստանի մաս չէր կազմում, սակայն տեղի քրդերը նույնպես որոշում էին կայացրել մասնակցել հանրաքվեին: